Աղբիւր՝ www.tert.am
Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնուող, 700 մլն. թուրքական լիրայ արժողութեամբ պատմական հայկական գերեզմանատան սեփականութեան իրաւունքը 80 տարի անց վերադարձուել է Բէյօղլուի Երեք խորան եկեղեցու հիմնադրամին:
Ինչպէս տեղեկացնում է թուրքական «Vatan» թերթի կայքը, 41 հազար 950 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հայկական գերեզմանատունը յանձնուել է հայ համայնքի ամենահարուստ հիմնադրամին:
Այն ստանալու համար եկեղեցու հիմնադրամը 2011 թուականին դիմել էր Հիմնադրամների ընդհանուր խորհրդին:
Հիմնադրամի ներկայացուցիչ փաստաբան Սիմոն Չէքեմն արդէն ստացել է սեփականութեան վկայականը:
Նա նշել է, որ ուրախ է տարածքը հայ համայնքին վերադարձնելու կապակցութեամբ:
Փաստաբանը տեղեկացրել է, որ 1830 թուականին Օսմանեան կայսրութեան կողմին հայերին տրամադրուած տարածքն առաջին իսկ օրից որպէս գերեզմանատուն է օգտագործուել: Այն Ստամբուլի քաղաքապետարանին է յանձնուել 1930 թուականին: Չնայած այս տարիների ընթացքում դրա սեփականութեան վկայականը հայերի մօտ չի եղել, այնտեղ շարունակել են յուղարկաւորութիւններ իրականացուել:
Այդ գերեզմանատանը թաղուած են պոլսահայերի կեանքում կարեւոր նշանակութիւն ունեցած, Թուրքիայում յայտնի հայեր՝ մարզիկներ, դերասաններ, արուեստագէտներ, Պոլսոյ հայոց պատրիարքները, նաեւ Թուրքիայում ծառայութեան ընթացքում սպանուած հայ զինծառայող Սեւակ Բալըքչըն: