Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Օրեր յետոյ, երբ աշխարհը մուտք է գործելու Նոր Տարի, 2015՝ Հալէպցիք հրթիռակոծումների կողքին կրկին դիմագրաւում են կենցաղային ծանր վիճակ:

Երբ մի կողմից Հալէպ քաղաքը վերջին օրերին ամբողջութեամբ շրջապատուել է, այս անգամ՝ ազգային պետական բանակի կողմից, որ օղակը փակել է քաղաքի շուրջ, եւ զինեալ ընդդիմադիրները մնացել են քաղաքի մէջ, միւս կողմից, զգալի դարձած ցրտի պատճառով շատերը տակաւին տագնապում են վառելանիւթ չունենալնու համար: Կառավարութիւնը մէկ ամիս առաջ մի շարք բնակիչների միայն 200-ական լիթր վառելանիւթ էր բաժանել` չնայած շատերն էլ ի վիճակի չէին վճարելու վառելանիւթի գինը:

Մէկ շաբաթից ի վեր բովանդակ Հալէպի տարածքում մէկ անգամ եւս անջատուել է ելեկտրականութեան հոսանքը եւ քաղաքը մատնուել է խաւարի: Նոյնն է նաեւ ջրի պարագային. մէկ շաբաթից ի վեր արդէն ջրամատակարարումը դադարել է, եւ հալէպցիներն աւելի դժուարին իրավիճակի մէջ են գտնուում։

Հետեւաբար Հալէպում պատերազմական իրավիճակի՝ պայթումների, հրասանդերի եւ հրթիռաձգութեան կողքին ամենահրատապ տագնապը մնում է տակաւին ելեկտրականութեան եւ ջրի հարցը:

Տագնապների թուարկումը շարունակելով` կարելի է նշել, որ վառելանիւթի (մազութ, բենզին եւ գազ) գիներն արդէն բարձրացել են: Իսկ գազի շիշերը (կազը միայն) արդէն հասել են 2500-4000 սիրիական ոսկիի եւ աւելի. եղել են օրեր, երբ հասել է մինչեւ (պետական գինը` 1350 ս.ո.): Իսկ սննդեղէնի առնչութեամբ, արդէն հիմնական պաշարի գնի բարձրացումն զգալի է՝ երբեմն հիմնական ապրանքատեսակների պակասի եւ յատկապէս տօնական օրերի պատճառով:

Պէտք է ընդգծել, որ Հալէպի բնակիչները, առանց բացառութեան, բոլորն էլ ազդուել են կենցաղային ճգնաժամից:

Տնտեսագիտական տուեալներն ու մանաւանդ մեր ապրած ամենօրեայ կեանքը ցոյց են տալիս, որ Հալէպը մեծ դժուարութեան դիմաց է գտնուում: