Աղբիւր՝ www.asbarez.com
Մեծն Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդայ միացեալ թագաւորութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնը հրապարակել է հայկական Սփիւռքի վերաբերեալ մի փաստաթուղթ, որի մէջ գնահատականներ են տրուել Սփիւռքի դերակատարութեան եւ գործունէութեան մասին:
Փաստաթղթի համաձայն՝ հայկական Սփիւռքը յարաբերականօրէն ամենամեծն է յետ-խորհրդային երկրների եւ առաւելապէս՝ Ռուսիայի մէջ, իսկ դրանից յետոյ գալիս են Միացեալ նահանգների եւ Ֆրանսիայի գաղութները:
Փաստաթղթի մէջ նշուում է, որ ներկայիս հայկական Սփիւռքի թիւը 8-10 միլիոն է, որի 2.3 միլիոնը գտնուում է Ռուսիայում, 1.5 միլիոնը՝ Միացեալ նահանգներում, 400,000-ը՝ Ֆրանսիաում եւ 200,000-ը՝ Լիբանանում: Ըստ փաստաթղթի՝ շուրջ 80,000-ական հայեր ապրում են նաեւ Ուքրայինայում, Լեհաստանում, Արգենտինայում, Քանադայում, Սիրիայում, Թուրքիայում եւ Իրանում: Մեծն Բրիտանիայի հայկական համայնքի թիւը հասնում է 18,000-ի:
Քաղաքական կեանքի մասնակցութեան տեսանկիւնից՝ ամենից աշխոյժ հայկական համայնքը Միացեալ նահանգների համայնքն է նկատուում։ Փաստաթուղթն ակնկալում է, որ ամերիկահայութեան քաղաքական ազդեցութիւնը աճի յառաջիկայ երկու տարիներին, յատկապէս՝ Ցեղասպանութեան 100-ամեակի պատճառով:
Սփիւռքի դերակատարութեան վերաբերեալ, փաստաթուղթը նշում է, որ առաջին հերթին այդ օգնութիւնն արտացոլացուում է Հայաստանի զարգացման գործի մէջ նրա ունեցած տնտեսական ներդրումներով, որը գնահատուում է 2 միլիառդ դոլարով՝ 1992-ից ի վեր։ Շեշտուում է նաեւ Հայաստանի «մարդկային դրամագլուխը» զարգացնելու գործում Սփիւռքի օժանդակութեան կենսական կարեւորութիւնը՝ ակնարկելով մի շարք ոլորտներում մայր հայրենիքին ցուցաբերուած արհեստագիտական օժանդակութիւնների, որոնք 1992-ից ի վեր բազմացել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան մէջ:
Փաստաթղթի համաձայն՝ Սփիւռքը Հայաստանին օգնում է ո՛չ միայն իր սեփական միջոցներով, այլեւ կազմակերպում է օտար կառավարութիւնների կողմից Հայաստանին եւ Արցախին ցուցաբերուող օգնութիւններ:
Հայկական լոբիները ներկայացուում են որպէս միջազգայնօրէն Հայկական հարցի առաջ մղման գործի մէջ բարձր արդիւնաւէտութիւն ունեցող կառոյցներ: Իբրեւ օրինակ նշուում է հայկական կազմակերպութիւնների գործունէութիւնը Միացեալ նահանգներում:
Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների մասով, փաստաթղթի հեղինակները յայտնում են, որ հակառակ այդ յարաբերութիւնների սերտութեան, երբեմն տարակարծութիւններ են ծագում, ինչպէս օրինակ՝ Սփիւռքի հայկական մի շարք կազմակերպութիւնների բացասական արձագանգը՝ հայ-թրքական արձանագրութիւններին:
Ըստ փաստաթղթի՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններն աւելի սրուել էին նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի պաշտօնավարման տարիներին (1991-1998), որովհետեւ նա քննադատում էր Սփիւռքը՝ հայկական իրականութեան եւ Հայաստանի մէջ ընթացող քաղաքական իրադարձութիւնները ո՛չ իրապաշտ դիրքերից ընկալելու եւ մեկնաբանելու համար: Նշուում է նրա պաշտօնավարման ժամանակ Հ.Յ.Դ.-ի գործունէութեան արգելումը, ինչպէս նաեւ՝ նրա հրաժարականի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի մէջ ի յայտ եկած իրավիճակի միջեւ կապը:
Ընդհանուր առմամբ, համաձայն փաստաթղթի գնահատականների՝ նախորդ տասը տարիներին, Հայաստանն ամբողջութեամբ չի կարողացել օգտագործել Սփիւռքի կարողականութիւնը, յատկապէս՝ տնտեսական ներդրումների տեսակէտից, որի պատճառը Հայաստանի տնտեսութեան մի շարք մարզերում հաստատուած մենատիրութիւններն են նկատուում:
Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ամրապնդման գործի մէջ յիշատակուում է նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնած Հ.Հ.-ի Սփիւռքի նախարարութեան ստեղծումը:
Փաստաթղթում, իբրեւ Սփիւռքից Հայաստան մնայուն բնակութեան մեկնած գործիչներ նշուել են Ռաֆֆի Յովհաննէսեանի եւ Վարդան Օսկանեանի անունները:
Ընդհանրացնելով՝ փաստաթղթում յայտնուում է, որ Սփիւռքի դերը շարունակում է էական մնալ տնտեսական աջակցութեան ցուցաբերման գծով, իսկ արտաքին քաղաքականութեան հետ կապուած հարցերի պարագային, ինչպէս՝ Լ.Ղ.-ի հակամարտութիւնն ու հայ-թրքական յարաբերութիւնները, կարելի է Սփիւռքի հետ յարաբերութիւնների մէջ որոշ տարակարծութիւններ ակնկալել: