Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Ուրբաթ՝ 12 դեկտեմբեր 2014 թուականը եզակի օր եղաւ ընդհանրապէս Արաբական Միացեալ Էմիրութիւնների եւ յատկապէս Աբու Դաբիի հայ համայնքի համար։ «Սրբոց Նահատակաց» եկեղեցու շինութիւնը Արաբական Միացեալ Էմիրութիւններում կայք հաստատած մեր ժողովրդի զաւակների հաւաքական հաւատի, սիրոյ եւ կամքի գործնական արտայայտութիւնն է։

Արդարեւ, 1998-ին, Շարժայում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու օծումից յետոյ, Աբու Դաբիում նաեւ եկեղեցի ունենալու կարիքը դարձել էր զգալի։ Երբ վերոնշեալ թուականին, Նորին Սրբութիւնը այցելել էր Միացեալ Էմիրութիւննների օրուայ նախագահ Շէյխ Մուհամմեդ Զայէդին, նրան ներկայացրել էր մայրաքաղաքում մի հողաշերտ ունենալու եւ նրա վրայ եկեղեցի կառուցելու հայ համայնքի փափագը։ Ընդառաջելով Վեհափառ Հայրապետի առաջարկին, Շէյխ Զայէդը տրամադրել էր անհրաժեշտ հողատարածքը եւ նուիրել 100,000 ամերիկեան դոլար՝ եկեղեցու շինութեան համար։ Ահա, վերջին տասնամեակի ընթացքում, շրջանի հոգեւոր առաջնորդների հովանաւորութեամբ ու քաջալերանքով եւ Ազգային Վարչութեան ու մի խումբ բարերարների հետապնդումով՝ հանգրուանային կերպով իրագործուեց եկեղեցու շինութեան ծրագիրը։ Վեհափառ Հայրապետը, իր կարգին, մօտկից հետեւեց եկեղեցու շինարարական աշխատանքներին եւ կատարեց անհրաժեշտ ցուցմունքները։

Եկեղեցին կառուցուել է հայկական ոճով: Նրան կից գտնուում է Ազգային Առաջնորդարանն ու վարժարանը՝ իրենց յարակից սրահներով եւ այլ բաժիններով ու յարմարութիւններով։ Փաստօրէն, «Սրբոց Նահատակաց» եկեղեցին ամբողջական մի համալիր է՝ իր կառատնով եւ պարտէզով, որի մէջ այցելողներն ուշադրութիւնը գրաւում են Հայոց ցեղասպանութեան նահատակներին նուիրուած խաչքարը, Ս. Մեսրոպ Մաշտոցի արձանը եւ Հայոց Այբուբենը ներկայացնող մի յուշակոթող։

«Սրբոց Նահատակաց» եկեղեցու օծումը կատարուեց հանդիսաւոր շուքով՝ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի։ Օրուայ պատարագիչն էր Լիբանանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանը։ Վեհափառ Հայրապետի կողքին արարողութեանն իրենց մասնակցութիւնը բերեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Արաբական միացեալ էմիրութիւնների եւ Քաթարի կաթողիկոսական փոխանորդ հոգշ. Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսեանը, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի տեսուչ հոգշ. Տ. Թորգոմ վրդ. Տօնոյեանը, Կաթողիկոսարանի Լսա-տեսողական գրասենեակի պատասխանատու հոգշ. Տ. Պետրոս աբղ. Մանուէլեանը եւ գաւազանակիր հոգշ. Տ. Նշան աբղ. Լախոյեանը։

Յայտնենք, որ արարողութեան նաեւ ներկայ էին Արաբական միացեալ էմիրութիւնների քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչները, Լիբանանի ու Հայաստանի դեսպանները, այլ գաղութներից ժամանած ազգայիններ եւ մեծ թուով հաւատացեալներ։

Եկեղեցու օծման կարգը կատարեցին Վեհափառ Հայրապետը եւ առաջնորդ սրբազան հայրերը, ապա, նորաօծ «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կատարուեց «Անդաստան»-ի արարողութիւն։

Եկեղեցու օծումից անմիջապէս յետոյ, Վեհափառ Հայրապետը հոգեշունչ պատգամ փոխանցեց ներկայ ժողովրդին՝ գոհութիւն եւ փառք տալով Աստծուն՝ ընծայուած առիթի համար եւ գնահատելով ու շնորհակալութիւնը յայտնելով նորին վսեմութիւն Շէյխ Մուհամմեդ Բեն Զայէդին՝ նրա ցուցաբերած գործնական աջակցութեան համար։ Նորին Սրբութիւնը նաեւ գնահատեց բարերարներն ու կնքահայրերը, ովքեր իրենց նիւթական մասնակցութեամբ սատար հանդիսացան եկեղեցու շինութեանը։

Անդրադառնալով եկեղեցու անունին՝ Վեհափառ Հայրապետն ասաց. «Մենք «Սրբոց Նահատակաց» անունով մկրտեցինք այս եկեղեցին, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, որպէս յիշեցում մեր ժողովրդի զաւակներին, որ մեր նահատակներն իրենց հաւատով ու կտակով մաս պէտք է կազմեն մեր ամենօրեայ կեանքին ու պայքարին։ «Սրբոց Նահատակաց» եկեղեցու օծումը մի յիշեցում է իւրաքանչիւր հայի եւ ողջ հայութեանը, որ մենք պէտք է շարունակենք հաւատարիմ մնալ նահատակների պատգամին՝ արդարութիւն պահանջելով ցեղասպանից ու աշխարհից։ Մի քանի ամիս առաջ, Դեր Զորի «Սրբոց Նահատակաց» եկեղեցին քանդուեց նոյն ցեղասպանի զօրակցութեամբ. թող աշխարհն իմանայ, որ պատմութեան ընթացքում մեր եկեղեցիներն ու վանքերը քանդուեցին, սակայն նրանց փոխարէն մեր ժողովուրդը նորերը կառուցեց։ Այսօր եւս, մենք նոր «Սրբոց Նահատակաց» եկեղեցի շինեցինք, որովհետեւ մեր ժողովուրդը գիտի քանդումը շինութեամբ ու մահը կեանքով նուաճել»։

Ս. եւ անմահ Պատարագից յետոյ, Վեհափառ Հայրապետն օրհնեց, եկեղեցու բակում զետեղուած Հայոց ցեղասպանութեան նահատակների յիշատակին բաձրացած խաչքարը եւ միւս արձանները:

Յայտնենք, որ մէկ օր առաջ, Հայ եկեղեցւոյ աւանդութեան համաձայն, կատարուել էր նախատօնակը եկեղեցու օծման, որի ընթացքում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը եւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանը յաջորդաբար օծել էին եկեղեցու մկրտարանն ու սրբապատկերները։