Աղբիւր՝ www.hyeli.com
Հալէպում դեկտեմբերի 9-ի առաւօտեան, զինւած ահաբեկչական խմբաւորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել ոսկերիչների շուկան՝ “Ֆարհաթ” հրապարակը, այս մասին “Արմէնպրես”-ը տեղեկացնում է “Բերիոյ Լուրեր” ֆէյսբուքեան էջից: Մեծ տակառից պատրաստւած հրթիռն ընկել եւ պայթել է շէնքի վրայ, որի վերջին յարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների գործարան: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցւել, վնասները միայն նիւթական են:
Պայթիւնի պատճառով վնասւել է շէնքի մօտ գտնւող Հայ Կաթողիկէ առաջնորդարանը, հրապարակում գտնւող եկեղեցիները, բնակարաններն ու խանութները: Շրջանն արդէն բնակչութիւնից ոչ ամբողջական ամայացած է, մեծ թւով հայեր աւելի ապահով շրջաններ են տեղափոխւել:
Հին Հալէպի շրջանը մշտապէս բախումների, հրասանդների եւ հրթիռակոծութեան կենտրոն է: Հետեւաբար, այնտեղ գտնւող Ազգային առաջնորդարանը, Ս. Քառասնաց Մանկանց մայր եկեղեցին եւ նրա մօտ գտնւող շրջանները եւս ինքնաբերաբար կարող են յայտնւել հրթիռների թիրախում:
Աւելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, ուժգին պայթիւնը ցնցել է Հալէպ քաղաքը: Զինւած խմբաւորումների կողմից իրականացւած պայթիւնը որոտացել է Հալէպի պատմական բերդի մերձակայքում գտնւող Սուլթանիէ մզկիթի մօտ, որի հետեւանքով նիւթական եւ ֆիզիկական վնասներ են արձանագրւել: Պայթիւնը երկրաշարժի է նմանւել եւ քաղաքն ամբողջութեամբ ցնցւել է:
Սիրիական հակամարտութեան մօտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից աւելի մարդ: Զոհւած հայերի թիւը գերազանցում է 100-ը: