“Ալիք” օրաթերթ, թիւ 196 (21751), հինգշաբթի՝ 26 սեպտեմբերի 2013
Զանգւածային լրատւամիջոցներն Իրանում այս օրերին ակտիւօրէն քննարկում են մի հողորդագրութիւն, որը վերաբերում է Ուրմիայում Թուրքիայի նորանշանակ գլխաւոր հիւպատոսի յայտարարութիւններին: Նա իր պաշտօնամուտի առիթով կազմակերպւած միջոցառման ժամանակ, Արեւելեան Ատրպատականի նահանգապետի ներկայութեամբ, առաջարկել է յարգել առաջին աշխարհամարտի ժամանակ Իրանի Սալմաստ գաւառում սպանւած 823 օսմանցի ասկերների յիշատակը եւ կարգի բերել նրանց շիրմաքարերը:
Լուրը ցնցել է յատկապէս Ատրպատականի պանիրանիստներին, որոնք այս կամ այն լրատւամիջոցի օգնութեամբ արտայայտել են իրենց ցասումն ու դժգոհութիւնը, պահանջել թուրք դիւանագէտից՝ պարզաբանումներ ներկայացնել այդ յայտարարութեան համար:
Նման կարգի համացանցային կայքերից են՝ newsfarsi.com, www.alef.ir, www.hammihan.com, damavandiyeh.wordpress.com, ինչպէս նաեւ՝ ընթերցողների մեծ շրջանակ ունեցող www.balatarin.com կայքէջը:
Այս կարգի հրապարակումների հեղինակներն ընտրել են խօսուն վերնագրեր, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել տւեալ հրապարակումների բովանդակութեան մասին:
Առաւել ուշագրաւ հրապարակումներից է “ՅՈՒՇԵՐ ՄԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԵՒ ԹՈՒՐՔ ՀԻՒՊԱՏՈՍԻ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ” վերտառութեամբ “www.alef.ir” կայքի յօդւածը, որտեղ անդրադարձ կայ նաեւ Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան մասին:
Յօդւածն ամբողջութեամբ ներկայացւում է թարգմանաբար:
***
Թուրքիայի 23-ամեայ անփորձ գլխաւոր հիւպատոսի հեռացումից յետոյ՝ Ուրմիայում յայտնւեց նոր գլխաւոր հիւպատոս Մեհմէթ Բուլութը: Նա իր պաշտօնամուտի համար կազմակերպած արարողութեան ժամանակ, իրանցի պաշտօնատար անձանց, այդ թւում՝ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադէի ներկայութեամբ, երբեմն էլ վերջնիս լուռ համաձայնութեամբ, թոյլ է տւել անհարկի, նոյնիսկ էթիկայի (պարկեշտութեան) ու յանդգնութեան սահմանը հատող արտայայտութիւններ:
Նա Արեւմտեան Ատրպատականի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր մտքեր է արտայայտել, որոնք չգիտես վերագրել թուրք դիւանագէտի անփորձութեանը թէ Իրանում Թուրքիայի մշակութային քաղաքականութեան վարւելակերպի փոփոխութեանը: Թուրք դիւա-նագէտն իր ելոյթի ժամանակ հանդէս է եկել Ուրմիայի համալսարանում թուրքերէն լեզւի ու գրականութեան ճիւղի հիմնադրման եւ Սալմաստի Չիչէք աւանում 823 օսմանցի ասկերների յիշատակին նւիրւած շիրմաքարերի կառուցման մասին առաջարկներով:
Օսմանցի ասկերներն Առաջին Աշխարհամարտի ժամանակ, կովկասեան ռազմաճակատներում Ռուսաստանի հետ պատերազմելու ընթացքում, ագրեսիայի ենթարկեցին նաեւ Իրանի արեւմտեան հատւածները՝ բազում տառապանքներ պատճառելով այդ տարածքի ազգաբնակչութեանը: Փաստօրէն, Օսմանեան կայսրութեան կործանման շուրջ տեղի ունեցող իրադարձութիւններից անմասն չմնաց նաեւ Իրանը: Իրանին պատուհասած հետեւանքների թւին կարելի է դասել Թուրքիայում տեղի ունեցող Հայոց Ցեղասպանութեան սարսափից հազարաւոր օսմանաբնակ ասորիների փախուստը՝ դէպի Իրան: Այդ ցեղերը տւեալ ժամանակահատւածում Արեւմտեան Ատրպատականում գտնւող օսմանցի ասկերների աչքի առջեւ, ֆրանսիացի ու անգլիացի քարոզիչների ու ռուսական ուժերի հրահրմամբ լայնածաւալ կոտորած ու թալան կազմակերպեցին:
Փաստօրէն, Օսմանեան պետութիւնը Իրանին ներքաշելով իր միջազգային հակամարտութիւնների հոլովոյթի մէջ, բաւարար հիմքեր տւեց ռուսներին ու անգլիացիներին՝ խախտելու Իրանի հռչակած չէզոքութեան ուղեգիծը:
Իրանի ու Ատրպատականի ժողովուրդների նկատմամբ օսմանցիների հասցրած աւերածութիւնների թւին կարելի է դասել նաեւ սովի մատնելու միջոցով հազարաւոր ատրպատականցիների կոտորածը եւ այդ շրջանի ազգաբնակչութեանը սպանդի ենթարկելու ժամանակ Իսմայիլաղա Սիմքոյի նման յանցագործ տարրերին քաղաքական ու ռազմական օգնութիւն ցուցաբերելը;
Թուրքիայի նորանշանակ գլխաւոր հիւպատոսը ձեռնամուխ է եղել այնպիսի նպատակների իրականացմանը, որոնց իրագործման խնդրում Առաջին Աշխարհամարտի ժամանակ՝ Ատրպա-տականի բռնազաւթման տարիներում, անկարող են գտնւել Օսմանեան Թուրքիայի զաւթիչ ուժերն ու “Թեշքիլաթը Մահսուսէ”-ն: Ստամբուլեան թուրքերէնի ուսուցման պատրւակով Ատրպատականի իրանական ինքնութեան նկատմամբ ոտնձգութիւնը օսմանցիների կողմից պատերազմական գործողութիւնների վերջին փուլում Իրանի նկատմամբ կիրառւած ագրեսիայի դրսեւորումներից էր:
Միշտ պէտք է յիշել Ատրպատականի ժողովրդի, այդ թւում՝ Շէյխ Մոհամմադ Խիաբանիի եւ նրա համախոհների ջանքերը, որոնք, ի վերջոյ, հասան իրենց արդիւնքին: Չպէտք է մոռանալ, որ Թաւրիզի ազդեցիկ հոգեւորականներից Միրզա Սադեղ Մոջթահեդ Թաբրիզին Համաշխարհային Պատերազմի աւարտին Կովկասից ու Օսմանեան Թուրքիայից Իրանում ապաստանած հայ գաղթականների համար առեւտրականներից հանգանակութիւններ էր հաւաքում, իսկ Շէյխ Մոհամմադ Խիաբանին թոյլ չտւեց կովկասեան ու օսմանեան դաշինքին՝ ընդդէմ հայերի Իրանում գործողութիւններ ծաւալել: Հէնց այդ ժամանակաշրջանում էլ Շէյխ Մոհամմադ Խիաբանիի յանդուգն քայլերի պատճառով՝ Թաւրիզի ուրբաթօրեայ քարոզապետն ահաբեկւեց օսմանցի ու կովկասցի ծայրայեղականների կողմից:
Փաստօրէն, իրանցիներն ու Ատրպատականի մտաւորականներն աշխատում էին թոյլ չտալ, որպէսզի օսմանցիների ներքին խնդիրները ներթափանցեն Իրան: Իսկ օսմանցիներն էլ ամէն կերպ աշխատում էին Իրանին մասնակից դարձնել իրենց հիմնախնդիրներին:
Սակայն, Թուրքիայի գլխաւոր հիւպատոսը եւ նրա տեղական համախոհները կարծում են, որ իրանցիները մոռացել են պատմութիւնը, քանի որ խօսում են այն օսմանցի ասկերներին մեծարելու անհրաժեշտութեան մասին, որոնք իբր այն ժամանակաշրջանում սպանւել են Սալմաստի մօտակայքում ու այլ վայրերում՝ “հայերի ու ասորիների հալածանքներից” Իրանի ժողովրդին պաշտպանելու համար:
Արդեօք չպէ՞տք է հարց ուղղել նրանց, թէ ընդհանրապէս օսմանցի ասկերներն ինչով էին զբաղւած Իրանի տարածքում եւ ինչ պատճառով են սպանւել ու որն է նրանց մեծարելու եւ շիրմաքարեր կառուցելու անհրաժեշտութիւնը: Չէ՞ որ Առաջին Աշխարհամարտի շեմին եւրոպական ուժերի հետ առճակատման ընթացքում եւ այդ ռազմական գործողութիւններում Իրանի կողմից չէզոքութիւն յայտարարելով՝ նոյնիսկ հող էր նախապատրաստւել Իրանից ռուսական ուժերի դուրսբերման համար: Եւ միայն Իրանի արեւմտեան սահմաններում օսմանեան ուժերի կազմակերպած սադրանքների հետեւանքով՝ յօդս ցնդեցին չէզոքութիւն պահպանելու եւ օտար ուժերի դուրսբերման յոյսերը: Իրանը հէնց այդ իրադարձութիւնների պատճառով էլ՝ վերածւեց սարսափազդու բախումների թատերաբեմի, իսկ Ուրմիայի ու Սալմաստի դէպքերն այդ բեմադ-րութեան ընդամէնը մի մասն էին կազմում:
Թուրքիայի հիւպատոսը պէտք է պարզաբանումներ ներկայացնի այդ տարիներում ռազմական գործողութիւնների Իրանի տարածք, յատկապէս Ատրպատական ներթափանցելու մասին, որի պատճառով էլ՝ թուրք ասկերներ են կործանւել: Նա պէտք է նաեւ այդ դէպքերի համար իր պատկան պետութիւնից պահանջի, որպէսզի վերջինս Իրանի ժողովրդից ներողութիւն հայցի: