Աղբիւր՝ www.alikonline.ir
«Ալիք»-ի հարցազրոյցը՝ Ի.Ի.Հ.-ում Հ.Հ.-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի հետ
«ԱԼԻՔ».- Պարոն դեսպան, կը խնդրէի ներկայացնել երկկողմ յարաբերութիւններում առեւտրա-տնտեսական համագործակցութեան ոլորտին վերաբերող առաւել ուշագրաւ հարցերը: Այդ ոլորտում կա՞ն արդեօք առաջնահերթութիւններ: Եթէ կան, որո՞նք են դրանք: Ինչպէ՞ս էք գնահատում երկու հարեւան ու բարեկամ երկրների միջեւ տնտեսական ոլորտին վերաբերող զարգացումները:
Գրիգոր Առաքելեան.- Անզէն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում հայ-իրանական յարաբերութիւններում շօշափելի ակտիւացում է նկատւում: Սա անշուշտ յարաբերութիւնների լճացմանը յաջորդող շրջան չէ, այլ մեր գործընկերային դինամիկ կապերի հերթական հանգրւանը, ինչը բնորոշ է բարեկամական երկրներին եւ դա պէտք է գնահատել հէնց այս տրամաբանութեան մէջ:
Հայաստանի Հանրապետութեան նոր ձեւաւորւած կառավարութեան, ինչպէս նաեւ նախորդ տարի Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրութիւններից յետոյ նախագահ Ռոհանիի ձեւաւորած կառավարութեան միջեւ անհրաժեշտ էր շփումների նոր եզրեր ստեղծել, ինչը տեղի ունեցաւ հոկտեմբերի 21-ին, երբ Իրանի նախագահի առաջին տեղակալ Է. Ջահանգիրիի հրաւէրով Թեհրան ժամանեց ՀՀ վարչապետ Յ. Աբրահամեանի գլխաւորած պատւիրակութիւնը: Թեհրան ժամանած հայկական ներկայացուցչական պատւիրակութեան կազմում ներառւած էին եօթ նախարար, երկու փոխնախարար եւ տարբեր գերատեսչութիւնների կարեւորագոյն օղակների ղեկավարներ, ինչը վկայում էր Իրանի հետ յարաբերութիւնների նկատմամբ հայկական կողմի ցուցաբերած կարեւորութեան մասին:
Շտապեմ ասել, որ երկու երկրների առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները համակարգող միջկառավարական յանձնաժողովի նոր կազմը, որը հաստատւել է ՀՀ վարչապետի Իրան կատարած այցելութիւնից յետոյ, ինչպէս նաեւ այդ աշխատանքները վերահսկող միանգամայն նոր մեխանիզմը խոստանում է նոր որակ հաղորդել մեր յարաբերութիւններին, քանի որ այդ աշխատանքները վերահսկւելու են անմիջապէս Հ.Հ.-ի վարչապետի ու Ի.Ի.Հ.-ի նախագահի առաջին տեղակալի կողմից, որոնք հանդէս են գալու երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները վերահսկող գերագոյն խորհրդի միջոցով: Այս մեխանիզմը Իրանում գործում է միայն այն երկրների պարագայում, որոնց հետ Թեհրանն ունի առանձայատուկ յարաբերութիւններ:
«ԱԼԻՔ».- Որո՞նք են, ըստ Ձեզ, հեռանկարային ծրագրերը: Կը խնդրէինք նաեւ խօսել Ձեր հետագայ անելիքների մասին:
Գրիգոր Առաքելեան.- Մեր օրակարգի կարեւորագոյն հարցերից է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որի շինարարութեան կապակցութեամբ նախապատրաստական աշխատանքների մի հատւածն արդէն կատարւել է եւ միայն եղանակային բարենպաստ պայմանները թոյլ կը տան Հայաստանի տարածքում իրականացնել դրա շինարարութիւնը: Այս նախագծի իրականացումը հնարաւորութիւն կը տայ ապահովել գազ-էլեկտրաէներգիա փոխհոսքերի նախագծային ծաւալները:
Կարեւոր է նաեւ Արաքս գետի վրայ համատեղ Հ.Է.Կ.-ի կառուցման նախագիծը, որն աւելի կամրապնդի մեր էներգետիկ ոլորտին վերաբերող համագործակցութեան հիմքերը եւ հնարաւորութիւն կը տայ երկու երկրներին օգտւելու Արաքս գետի անսպառ ջրային ռեսուրսներից:
Անդրադառնալով մեր առաջիկայ անելիքներին, կարող եմ մատնանշել հետեւեալ միջոցառումները, որոնք մեր աշխատանքային օրակարգի գլխաւոր հարցերի թւին են պատկանում: Նախ, մօտ ապագայում Թեհրանում կանցկացւի միջկառավարական յանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկման նիւթ կը դառնան մեր երկկողմ յարաբերութիւնների կարեւորագոյն նախագծերի շուրջ հարցերը: Այս նախագծերի շարքում կան ծրագրեր, որոնք նախորդ շրջանին վերաբերող մեր անելիքներն են, որոնց վերաբերեալ եղել են վերջնական պայմանաւորւածութիւններ, նոյնիսկ ստորագրւել են համապատասխան փաստաթղթեր, սակայն որոշ օբիեկտիւ պատճառներով դրանց իրագործումը ժամանակաւորապէս առկախւել էր: Նաեւ կան նոր նախագծեր, որոնց իրագործումը էականօրէն կարող է փոխել մեր առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների որակը:
Այս ծրագրերի թւին կարելի է դասել, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարութիւնը, որի առնչութեամբ վերջերս Թեհրան էր ժամանել ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի գլխաւորութեամբ մի պատւիրակութիւն, որի կազմում ներառւած էին նախագծի կապակցութեամբ շահագրգռութիւն ցուցաբերող երկրների ներկայացուցիչներ:
Երկու օր տեւած բանակցութիւնների արդիւնքները վկայեցին, որ հարցը առաւել քան հասունացած ու շօշափելի է: Հէնց այդ բանակցութիւնների արդիւնքում նախաստորագրւեց եռակողմ փոխըմբռնման յուշագիր, որը նախատեսում է երկաթուղու կառուցման հարցում շահագրգիռ կողմերի յստակ անելիքներն ու պարտաւորութիւնները:
«ԱԼԻՔ».- Որո՞նք են հայ-իրանական յարաբերութիւններին բնորոշ առաձնայատկութիւնները:
Գրիգոր Առաքելեան.- Հայ-իրանական յարաբերութիւնները բազմաբնոյթ ու բազմաոլորտ են: Հէնց դրանով էլ առանձնանում են մեր յարաբերութիւնները եւ հէնց այդ հանգամանքն էլ մեր յարաբերութիւններին հաղորդում է առանձնայատուկ՝ անշրջելի ընթացք:
Ուշագրաւ է յատկապէս մշակութային ու հումանիտար ոլորտին վերաբերող փոխգործակցութիւնը, տարբեր փառատօներին եւ սպորտային միջոցառումներին մասնակցութիւնը, գրահրատարակչութիւնը եւ այլն: Մեզանում կարեւորւում են նաեւ միջմարզային համագործակցութիւնն իր տարբեր դրսեւորումներով:
Իսկ չանդրադառնալ միջխորհրդարանական կապերին, կը նշանակի անտեսել երկկողմ յարաբերութիւններին վերաբերող կարեւորագոյն ոլորտ:
Անթերագնահատելի է նաեւ երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների միջեւ տարբեր մակարդակներով ընթացող քաղաքական խորհրդակցութունների, միջազգային կազմակերպութիւններում համագործակցութիւն ծաւալելու առումով երկու երկրների միջեւ ձեւաւորւած բարի աւանդոյթի նշանակութիւնը:
«ԱԼԻՔ».- Որպէս վերջաբան, ի՞նչ կը ցանկանայիք փոխանցել:
Գրիգոր Առաքելեան.- Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնն անհաղորդ չէ նաեւ իրանահայութեան կեանքում ընթացող անցուդարձերին, մասնակցում է համազգային բնոյթի միջոցառումներին եւ իր համեստ հնարաւորութիւններով փորձում աջակցել համահայկական բնոյթի ձեռնարկներին:
Արդէն մի քանի տարի է Հ.Հ.-ի դեսպանութիւնը, աջակցելով «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի որոշումներից բխող յանձնարարականների կատարմանը, իր հնարաւորութիւններն ի սպաս է դնում մասնակիցը դառնալու համահայկական ծրագրերի իրականացմանը:
Կը ցանկանայի փարատել այդ ուղղութեամբ դեսպանութեան կատարած աշխատանքների մասին շրջանառւող որոշ թիւրընկալումներ, առաւելապէս այն մասին, թէ իբր «Հայաստանի Հանրապետութեան պարոն դեսպանը իր կողմից կամ իր թելադրութեամբ առանց համայնքի որեւէ մի անդամի հետ խորհրդակցելու՝ նշանակել է մէկին, որը ճիշտ վերաբերմունք չէ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան աշխատակազմի՝ յարաբերաբար համայնքի կեանքին» (տես. «ԱԼԻՔ» 19 յունիսի 2014 թ.):
Այստեղ կը ցանկանայի պաշտօնապէս եւ յստակօրէն յայտարարել, որ դեսպանութիւնը որեւէ առնչութիւն չի ունեցել հիմնադրամի ներկայացուցչի նշանակման հետ, այն պարզ պատճառով, որ դա բացարձակապէս դեսպանութեան խնդիրների մէջ չի մտնում, ինչի մասին կարող են վկայել թէ՛ Հիմնադրամի գործադիր տնօրէնը եւ թէ՛ բոլոր նրանք, ովքեր ծանօթ են գործի էութեանը: