Աղբիւր՝ www.hyeli.com
Թուրքիայի երբեմնի հայաբնակ Բալու շրջանում կը վերակառուցւի դարեր առաջ կառուցւած եւ այժմ աւերակների վերածւած եկեղեցին: Բալուի քաղաքապետ Մեհմեթ Սաիթ Դաղօղլուն հայկական եկեղեցի այցի ընթացքում նշել է, որ այն 8 դարի ընթացքում ծառայել է հայ համայնքին:
“1970-ականներին այն դեռ կանգուն է եղել, ինչը երեւում է լուսանկարներից: Գանձեր որոնողները շինութեանն էական վնասներ են հասցրել, իսկ մենք՝ այստեղ բնակւողներս, այն չենք պահպանել: Հայ համայնքի հետ հանդիպելով՝ 2015-2016-ին մտադրւել ենք սկսել դրա վերակառուցումը”,- նշել է քաղաքապետը՝ յաւելելով, որ վերակառուցւել է նաեւ քաղաքի մզկիթը:
Tert.am-ն “Անադոլու” գործակալութեանը յղումով գրում է, թէ, ըստ քաղաքապետի, այդ տարածքներում տարբեր հաւատքի բնակիչներ են հարիւրամեակներ շարունակ միասին ապրել:
“Կողք կողքի են ապրել եւ ամէն մէկն իր երկրպագութիւնը հանգիստ արել է: Ուլու մզկիթն այս ամիս վերակառուցւեց: Այժմ հայ համայնքի հետ մեր հանդիպումները շարունակւում են”,- ասել է նա:
Մեհմեթ Սաիթ Դաղօղլուի խօսքով, Բալուն շրջակայքին քաղաքակրթութիւնների, արւեստի ու տարբեր մշակոյթների առումով շատ բան է տւել, ու այժմ իրենք պայքարում են, որ արւեստագէտները նորից կողք կողքի աշխատեն: