Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Յունաստանի խորհրդարանը հերթական սկզբունքային որոշումը տւեց` քննարկելով երկրում կրօնական համայնքների իրաւական կարգավիճակ տալու օրինագիծը: Խորհրդարանի մեծամասնութիւնը կողմ քւէարկեց օրինագծին:

«Արմէնփրես»-ի հետ զրոյցին ընթացքում Աթէնքում հրատարակւող «Ազատ օր» թերթի գլխաւոր խմբագիր Հռիփսիմէ Յարութիւնեանն ասաց, որ յունահայոց ազգային վարչութիւնն աւելի քան մէկ տարուց ի վեր լուրջ աշխատանք էր իրականացնում, որպէսզի յունահայոց թեմի հարցը նոյնպէս ներառւէր օրինագծի մէջ: «Այսպիսով, Յունաստանի խորհրդարանի ընդունած օրէնքի համաձայն, յունահայոց թեմը ճանաչում է ստացել իբրեւ առաջնակարգ մակարդակի եկեղեցական իրաւական անձ»,- ասաց Հռիփսիմէ Յարութիւնեանը` աւելացնելով, որ մինչեւ օրինագծի քննարկումը խորհրդարանի հրաւիրած յանձնախմբի նիստին մասնակցել են յունահայոց Ազգային վարչութիւնից Ստեփան Փափազեանը եւ հայ համայնքի ներկայացուցիչ Քերոբ Էքիզեանը, ովքեր ներկայացրել են յունահայոց թեմի դերակատարութիւնն ու պահանջները: