Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
Երկուշաբթի՝ 22 սեպտեմբեր 2014-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Աթէնքում, հանդիպում ունեցաւ Յունաստանի վարչապետ՝ Տիար Անտոնիս Սամարասի հետ: Հանդիպմանը ներկայ էին Աթէնքի եւ համայն Յունաստանի արք. Երոնիմոս Բ-ը, Յունաստանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Խորէն արքեպս. Տողրամաճեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ վարչապետի խորհրդականները:
Առաջին հերթին, Վեհափառ Հայրապետը շնորհակալութիւն յայտնեց վարչապետ Սամարասին, հայ ժողովրդին ու նրա արդար դատին նեցուկ կանգնելու համար: Նշենք, որ վարչապետը 1996 թւականին, Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը ներկայացրել էր խորհրդարան, որ նոյն տարին ընդունւել էր խորհրդարանի կողմից. նոյնպէս յառաջիկայ օրերին Յունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող, ինչպէս նաեւ հայ համայնքին իրաւական ճանաչում տալու օրէնքների վաւերացման մէջ բանալի դերակատարութիւն է ունեցել: Ապա, Նորին Սրբութիւնը ողջունեց վարչապետին, որ կարողացաւ Յունաստանն առաջնորդել դէպի տնտեսական վերականգնում:
Ընդառաջելով վարչապետի փափագին, Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ, 9-11 սեպտեմբեր 2014-ին, Վաշինկթոնում, Միջին արեւելքի քրիստոնեաներին նւիրւած միջազգային համագումարին եւ Ա.Մ. նահանգների նախագահ՝ Օբամայի հետ իր ունեցած հանդիպմանը: Նորին Սրբութիւնն իր տեսակէտները պարզեց Միջին արեւելքում տիրող ներկայ իրավիճակի ու վերիվայրումների մասին: Վարչապետ Սամարասը լիովին բաժնեկցեց Վեհափառ Հայրապետի մտահոգութիւններն ու տեսակէտները:
Աւելի քան մէկ ժամ տեւող մտերմիկ հանդիպման աւարտին վարչապետը մի յուշանւէր յանձնեց: Ապա, Արամ Ա Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Իշխան»-ի շքանշով պարգեւատրեց Վարչապետ Անտոնիսին, առ ի գնահատանք հայ ժողովրդի նկատմամբ ունեցած իր սիրոյն ու յարգանքի: Վարչապետն իր կարգին շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին եւ փափագ յայտնեց, որ այս կապը շարունակւի, յատկապէս նկատի ունենալով Նորին Սրբութեան փորձառութիւնը կրօնական ու քաղաքական հարցերի շուրջ:
Նշենք, որ Վեհափառ Հայրապետը Յունաստանի Արտաքին գործոց նախարարի բացակայութեան, կարճ մի հանդիպում ունեցաւ նախարարութեան ընդհանուր քարտուղար՝ Տիար Անաստասիոս Միցիալիսի հետ: