Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«ԱԼԻՔ»- «Արարատ»-ի հետ, «Արարատ»-ի համար»: Յիշեալ կարգախօսով «Արարատ» մարզաւանում մեկնարկեցին 46-րդ շրջանի Իրանի Համահայկական խաղերը: Խաղեր, որոնք նւիրւած են Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեակին:
Բացման հանդիսութեան սկզբում կազմակերպութեան սկաուտները մարզադաշտ բերեցին Իրանի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի դրօշները, որոնք ծածանւեցին Իրանի, ապա «Արարատ»-ի հիմներգերով:

Խաղերի բացմանը մասնակից հազարաւոր հանդիսականները առաւել խանդավառւեցին, երբ յայտարարւեց թէ՝ Յունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը, որը հազարաւոր ներկաների ծափողջոյններին արժանացաւ:

Հանդիսութիւնը զուգորդւած էր գեղարւեստական ճոխ յայտագրով, կարգախօսքերով ու հրավառութեամբ:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից արտայայտւեց յանձնախմբի փոխատենապետ Անահիտ Նազարեանը, նշելով, որ այս շրջանի խաղերին մասնակցել են շուրջ 900 մարզիկ-մարզուհիներ, Թեհրանի 10 միութիւններից, Իրանի հայահոծ քաղաքներից, Հայաստանից եւ 1 մարզիկ Վիեննայից:
Ընթերցւեց նաեւ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան յղած ուղերձը:

Ծրագրի տարբեր բաժիններում ցուցադրւեցին տեսաֆիլմեր, որոնցից մէկը պատմական ակնարկ էր 46 տարիների Համահայկական խաղերին, իսկ միւսը ներկայացնում էր Իրանի մարզական ազգային հաւաքականներում ներառւած կազմակերպութեան մարզիկ-մարզուհիներին:

Մարզական խաղերի առանցքային դերակատարների՝ մարզիկ-մարզուհիների մուտքը մարզադաշտ յատուկ ոգեւորութիւն հաղորդեց հանդիսութեանը:

Երբ մարզիկ-մարզուհիները տեղակայւեցին մարզադաշտում, իւրայատուկ հանդիսութեամբ բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը, 70-ամեայ կազմակերպութեան հիմնադիրներից երկուսի՝ Յասմիկ Յարութիւնեանի (Թումանեան) եւ Աշոտ Ստեփանեանի ձեռամբ:

Ջահը բոցավառւելուց առաջ այն մարզադաշտ բերեց հեծանաւորդ Նարբէյ Հախվերդեանը, իսկ ջահակիրներին ընկերակցում էին Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի աղջկանց խմբի մարզուհիներ՝ Էդնա Իսայեանը, Նարինէ Արտաշեանը, Այրին Արթունեանը, Վանայ Մուսախանեանը եւ Վանէ Խեչումեանը, տղայոց բասկետբոլի երիտասարդական խմբի մարզիկներ՝ Արմի Նազարեանը եւ Դրօ Տէր-Ղուկասեանը, որոնք վերջերս Իրանի հաւաքականի կազմում մասնակցել են Ասիական խաղերի առաջնութեանը:

Ապա ընթերցւեց իրաւարարների եւ մարզիկների երդումը: Իրաւարարի երդումն ընթերցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վալիբոլի խմբի մարզուհի Նազելի Թահմազեանը, իսկ մարզիկի երդումը՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան աղջկանց բասկետբոլի պատանեկան խմբի մարզիկ Փիւնիկ Առաքելեանը:

Հրավառութեամբ զուգորդւած ջահի բոցավառման արարողութիւնից յետոյ պարսկերէնով խօսք ուղղեց կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Արմինէ Սէթխանեանը: Ապա իր օրհնութեան խօսքն ասաց ու օրւայ պատգամը փոխանցեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Թեմակալ առաջնորդը ողջունելով Հ.Մ.Ա.Կ.-ի 70-ամեակը եւ խաղերի 46-ամեակը՝ նշեց, որ խաղերի առանցքային կէտը, որի շուրջ համախմբւում են բոլորը, դա հայութեանը պատկանելութիւնն է, որը գալիս է միաւորելու բոլորին: Թեմակալ առաջնորդը խօսելով այն մասին, որ գտնւում ենք Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, կարեւորեց համախմբւածութիւնը եւ ողջունեց աշխարհի բոլոր այն երկրներին, որոնք յանուն ճշմարտութեան եւ մարդկային արդարութեան եւ խաղաղութեան հաստատման ոչ միայն ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, այլ նաեւ մշակում են այնպիսի օրէնքներ, որոնք դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ժխտում են Ցեղասպանութիւնը:

Նշենք, որ հիւրերի յատուկ օթեակում ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ դիւանագիտական աշխատակազմը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. Պագտամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների, «Ալիք» հաստատութեան ու օրաթերթի ներկայացուցիները եւ հոգեւոր հայրեր:

Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններից յետոյ, երբ մարզիկները թողեցին դաշտը, շարունակւեց գեղարւեստական բաժինը: