Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի միակ հայկական գիւղի` Վաքըֆի անունից Քընալըադա կղզում ճաշ է մատուցւել, որից ստացւած հասոյթը նախատեսւում է յատկացնել գիւղի եկեղեցու եւ դրա յարակից կառոյցների շինարարութեանը, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացրել է «Ակօս» պարբերականը:

Վաքըֆի ներկայացուցիչները զոհաբերութիւն են իրականացրել, ինչից յետոյ ճաշի սեղան է բացւել, որին մատուցւել է հայկական աւանդական հարիսա: Արարողութեանը ներկայ են եղել Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, Թ.Հ.Թ-ի Առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեանը, Ստամբուլի Շիշլի թաղամասի փոխքաղաքապետը եւ այլոք:

Հիւրասիրութեան սեղանից յետոյ ելոյթով հանդէս եկած Արամ Աթեշեանը նշել է, որ գիւղում տարբեր նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ 400 հազար թուրքական լիրայից իրենց յաջողւել է հաւաքել 170 հազարը: «Վաքըֆը միակ հայկական գիւղն է, որ մենք այսօր ունենք: Նրանք իրենց առանձնայատկութիւնները, աւանդոյթներն ու մշակոյթը պահպանելու համար իսկական պայքար են մղում: Այդ պայքարը միայն Վաքըֆի բնակիչներինը չէ, այն նաեւ մեր պայքարն է»,- յայտարարել է Աթեշեանը` յոյս յայտնելով, որ պահանջւող ամբողջական գումարը կը կարողանան կարճ ժամանակում հաւաքել: