Սեպտեմբերի 21-ը Հայաստանի վերանկախութեան օրն է:

1991 թւականի Սեպտեմբերի 21-ին, Հայ ժողովուրդը, Այո՛ ասաց անկախութեանը եւ իրացրեց իր դարաւոր երազանքն ու հունաւորեց պատմական կարեւորագոյն մի ընթացք, որի պսակն Արցախեան ազատամարտն էր, մեծագոյն ձեռքբերումը՝ Հայոց երկրորդ պետականութեան փաստացի գոյութիւնը։

 

Ցաւօք սրտի, Հայաստանի ներկայ իշխանութիւնների ապազգային մտածողութեան եւ տկար ու ապաշնորհ քաղաքականութեան շնորհիւ, վտանգւած է անասելի խիզախումներով, յամառ ու համազգային նւիրումով ձեռք բերւած ու պահպանւած 33-ամեայ Հայոց պետականութիւնը։

 

2021 թւականի մայիս ամսից առ այսօր ՀՀ տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը (ըստ պաշտօնական տւեալների) մնում է Ադրբեջանի Հանրապետութեան տիրապետութեան տակ, Բաքւի իշխանութիւնները Հայաստանից պահանջում են հրաժարւել միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացրած բոլոր հայցերից, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից արցախահայութեան դէմ իրագործւած էթնիկ զտումներին, Բաքւում պահւող հայ գերիներին եւ ՀՀ օկուպացւած տարածքներն ազատելու պահանջներին։ Դեռ աւելին, արդէն կէս տարի է, որ Բաքուն ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը Խաղաղութեան պայմանագրի ստորագրման նախապայման համարելով, պահանջում է Հայաստանի մայր օրէնքից բացառել Անկախութեան հռչակագիրը, որտեղ յղում կայ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միաւորման վերաբերեալ եւ չի բացառւում, որ Հայաստանի ներկայ վարչակազմը գնալու է այդ ապօրինի փոփոխութեանը։ 

 

Այդուհանդերձ, անկախութիւն նւաճած ու յաղթանակներ պարտադրած ժողովուրդն ընկրկելու իրաւունք չունի։

 

Միասին պաշտպանենք մեր անկախութիւնը, տէր լինենք պետականութիւն եւ արժանապատիւ գոյութիւն ունենալու մեր իրաւունքին:

 

 

 

Դիւան Ազգային Առաջնորդարան

Սպահանի Հայոց Թեմի