Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Սուրիական հայրենիքի ապրած 3 տարւայ պատերազմական վիճակը տակաւին մնում է նոյն տխուր հորիզոնի վրայ:
Յատկապէս Հալէպ քաղաքի ապահովական, տնտեսական, կենցաղային տագնապը օրըստօրէ աւելի է դժւարացնում բնականոն կեանքը:
Այսօր մեծապէս վնասւած է ՍՕԽաչի Ընկերաբժշկական կենտրոնը, որը կեանքի էր կոչւել Նոր Գիւղի հայահոծ շրջանում` տարիների հետեւողական աշխատանքի ու մեծ զոհողութիւնների գնով, ծառայելու շրջանի բնակչութեանը, իբրեւ գեղեցիկ օրինակ` անկարելին կարելի դարձնելու հաւատքին:
Կենտրոնի նորոգութեան անհրաժեշտ մեծագումար նիւթական կարիքից ու շրջանի աղէտի գօտի նկատւելու իրողութիւնից մեկնելով, ներկայիս անկարելի է վերանորոգել կենտրոնի աւերւած բոլոր բաժինները:
Սակայն, գիտակցելով մեր ստանձնած պարտականութեան, վիրաւորների, հիւանդների, զրկւածների, աներդիք մնացած ազգի զաւակներին յոյս, ապրելու կամք ներշնչելու խոստումով շարունակում ենք մեր ծառայութիւնները:
Նկատի ունենալով, որ Նոր Գիւղի շրջանի բնակչութիւնն է, որ ամէնից շատ կարիքը ունի ընկերաբժշկական ծառայութիւնների, Շրջանային վարչութիւնս կենտրոնի տարրալուծարանի, դարմանատան բաժինների մաքրութիւնից, դասաւորումից յետոյ կարողացաւ ի վիճակի բերել առողջապահական աշխատանքները ՍՕԽաչի ընկերաբժշկական կենտրոնում` 3 Յուլիս 2014-ից սկսեալ:
Յուսադրւած ենք, որ մօտիկ ապագայում ՍՕԽաչի ընկերաբժշկական կենտրոնը իր այլ ծառայութիւնները եւս (խնամատարական, ընկերային, կրթական եւ այլն) մատուցելու է հայահոծ Նոր Գիւղ շրջանի մէջ:


ՍՕ ԽԱՉԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ