Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Յառաջիկայ օրերում քեսաբահայերը նիւթական օժանդակութիւն են ստանալու: «Արմէնփրես»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում այս մասին յայտնել է քեսաբահայ Կարօ Մանճիկեանը, աւելացնելով, որ բնակիչների ցանկն արդէն պատրաստ է, եւ յառաջիկայ 4-5 օրերում կը սկսւի օգնութեան բաշխումը: Նրա համաձայն, օգնութիւնը տրամադրել է Համահայկական բարեգործական ընկերութիւնը:

«Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադեանը շօշափելի գումար է փոխանցել առաջին անգամ Քեսաբ կատարած իր այցելութեան ընթացքում»,- նշել է Մանճիկեանը, աւելացնելով, որ օգնութիւն է տրամադրել նաեւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, Սիրիահայ շտապ օգնութեան մարմինը, օգնութիւն են տրամադրել նաեւ այլ կազմակերպութիւններ: Օժանդակութիւնը հերթականութեամբ բաժանւելու է բնակիչներին` անհրաժեշտ կարիքներ հոգալու պայմանները բարելաւելու համար:

Կարօ Մանճիկեանը նաեւ տեղեկացրել է, որ Քեսաբում ենթակառոյցներն ընդհանուր առմամբ արդէն վերականգնւել են, ի հարկէ, որոշ շրջաններում, Քեսաբի մերձակայ գիւղերում տակաւին վերականգնողական աշխատանքները շարունակւում են: 70 հաստատութիւններ հրկիզւել ու քանդւել են: Մնացած շինութիւնների, տների մասին նա յայտնել է, որ անվնաս տուն չկայ, բոլորն էլ որոշ չափով վնասներ են կրել` իւրաքանչիւրը որոշ չափով:

Գիւղատնտեսութեան մասին Մանճիկեանն ասել է, որ 3 ամսւայ աշխատանքը փորձեն երեք շաբաթից անել: Բերքի մէկ մասը հաւաքում են, մարդիկ փորձում են արտերի մշակման աշխատանքներ կատարել: Քեսաբահայ կանանց մէկ մասը շարունակում է գիշերել Լաթաքիայում, քանի որ բնակարանները տակաւին բնակելի վիճակի մէջ չեն:

Կարօ Մանճիկեանի համաձայն, Քեսաբից Լաթաքիա գնալու եւ վերադառնալու համար հանրակառքեր են տրամադրւել:

Միւս կողմից, Լաթաքիայի մարզպետն ու Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադեանը քննարկել են Քեսաբի իրավիճակը եւ օգնութիւն տրամադրելու ուղիները` նպատակ ունենալով կարգաւորել կենսակերպը եւ այնտեղ քաղաքացիների վերադարձը: «Բերիոյ Նիուզ»-ի համաձայն, հանդիպման ընթացքում մարզպետը դեսպանին հանգամանօրէն ներկայացրել է ահաբեկչական յարձակման հետեւանքները, աւերը` դիտել տալով, որ վնասի չափը շուրջ 512 միլիոն սիրիական ոսկի է: Մարզպետը կոչ է ուղղել Հայաստանին` օժանդակելու գիւղաքաղաքի վերակառուցման, յատկապէս որոշ սարքաւորումներով` նկատի առնելով Սիրիայի տնտեսական շրջափակումը:

Մարզպետը պարզաբանել է, որ 70 տոկոսով վերականգնւել են Քեսաբի հիմնական ենթակառոյցները: Ապա նա կոչ է ուղղել մնացածներին նոյնպէս վերադառնալու իրենց տները, յատկապէս գիւղատնտեսական գործունէութեանը, որտեղ բնակիչները փոխհատուցում են ստանալու գողացւած արտահունձքերի համար: Մարզպետ Ահմեդ Շէյխ Աբդել Քադիրը հաստատել է, որ մարզպետարանը պատրաստ է կարելիութեան սահմաններում ամէն ինչ անել` օգնելու Քեսաբի վերականգնման աշխատանքին:

Իր կարգին, դեսպան Փոլադեանը նշած է, որ իր երկիրը դատապարտել է ամէն տեսակի ահաբեկչութիւն: Փոլադեանը հաստատել է, որ իր երկրի կառավարութիւնը եւ ժողովուրդը պատրաստ են կարելի բոլոր միջոցներով օգնելու Քեսաբին եւ բնակիչներին: Դեսպանը հպարտութեամբ նշել է Սիրիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական յարաբերութիւնների մասին: