Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թրքական «Անատոլու» լրատու գործակալութիւնն արձագանգել է Կարսի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նահանգային տնօրէն Հաքան Տողանայի կողմից Անիի աւերակների մասին տրւած տեղեկութիւններին, որոնց ընդմիջից յայտնի է դառնում, որ Անի այցելողների թիւը զգալիօրէն բարձրանում է տարուց տարի։

Անցեալ տարի, Անի էին այցելել 23,730 զբօսաշրջիկներ, իսկ այս տարւայ առաջին վեց ամիսների ընթացքում, այդ թիւն արդէն իսկ հասել էր 21,000-ի։ Այցելուները գալիս են մասնաւորաբար Գերմանիայից, Հայաստանից, Վրաստանից եւ Ճապոնիայից։ Տողանան դիտել է տւել նաեւ, որ Անին մի գանձ է, որ պէտք է տեղ գրաւի աշխարհի ժառանգութեան ցանկի վրայ, եւ աւելացրել է, որ նախարարութիւնն այս ուղղութեամբ աշխատանք է տանում արդէն։

Տողանայի յայտարարութիւնները, որոնց մէջ Անիի անունը գործածւել է ճիշդ ձեւով, այլ ոչ թէ «Անը» ձեւով, ուշադրութիւն են գրաւում այն բանով, որ նրանց ընդմիջից Տողանան ջանանում է ամբողջովին մոռանալ Անիի հայկական պատմական դիմագիծը եւ շարունակ Անին ներկայացնում է իբրեւ բազմաթիւ քաղաքակրթութիւնների օրրան։ Այս «բազմաթիւ քաղաքակրթութիւններ»-ի մէջ հայոց անունը չի յիշւել բնաւ, հակառակ նրան, որ Անի այցելողների ջախջախիչ մեծամասնութիւնը Անին ընդունում է իբրեւ հայոց մայրաքաղաք։

Տողանան յիշեցրել է, որ տեղացի կամ օտար զբօսաշրջիկները, սովորաբար, նախ Վան են գնում եւ այցելում Աղթամարի եկեղեցին, ապա այցելում են Տողուպէյազըտի «Իսհաք փաշա» պալատը եւ անպայմանօրէն՝ Անի։