Աղբիւր՝ www.alikonline.ir
Թուրք մտաւորական Սերքան Էնգինը վերջին ժամանակներում համացանցային «Paper Boat of Poetry» կայքէջով հրապարակեց իր մէկ աղմկայարոյց յօդւածը «Թուրք լինելը ինձ համար տանջանք է» խորագրով, որը լայն արձագանգ գտաւ Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքական ու լրատւական շրջանակներում:
Այդ կապակցութեամբ Կովկասի եւ Թուրքիայի հարցերի հետազօտող Իսակ Իւնանէսեանը թուրք յօդւածագրի հետ համացանցի միջոցով հարցազրոյց է կատարել, որը թարգմանաբար ներկայացւում է ստորեւ.
Իսակ ԻւնանԷսեան- Պարոն Էնգին, շատ ուրախ եմ, որ Թուրքիայում ապրող ներկայ սերունդի ներկայացուցիչները-օրինակ՝ դուք քայլեր էք վերցնում Հայոց Ցեղասպանութեան պատմական իրականութիւնը բացայայտելու եւ բարձրաձայնելու ուղղութեամբ: Քանի որ Իրանում եւ իրանահայ համայնքում դեռ ձեզ չեն ճանաչում, ցանկանում եմ ներկայացնել ձեզ եւ մի քանի հարցումներ անել:
Սերքան Էնգին - Ամենայն ուրախութեամբ:
Հ.- Խնդրում եմ պատմէք ձեր մասին, որտե՞ղ էք բնակւում եւ ինչո՞վ էք զբաղւած:
Պ.- Ես Սերքան Էնգինն եմ, ապրում եմ Թուրքիայում եւ բնակւում եմ Ստամբուլի մօտակայքում գտնւող Իզմիթ կոչւող փոքրիկ քաղաքում: Ես անկախ թարգմանիչ եմ եւ միաժամանակ՝ գրող ու բանաստեղծ:
Հ.- Դուք որքանով է՞ք ճանաչում Իրանը եւ իրանահայութեանը:
Պ.- Իրանահայութեան մասին առանձնապէս շատ բան չգիտեմ:
Հ.- Մի առ ժամանակ առաջ դուք հրապարակել էիք ձեր տեսակէտերը՝ Հայոց Ցեղասպանութեան մասին եւ հայերից ներողութիւն խնդրել: Հարցս հետեւեալն է. թէ որո՞նք էին ձեր դրդապատճառները՝ նման արտայայտութիւններ անելու համար եւ Թուրքիայում ի՞նչ արձագանգներ ու հակազդեցութիւններ առաջացրին ձեր արտայայտութիւնները:
Պ.- Դրդապատճառի մասին պէտք է ասեմ, որ ամենաառաջին հերթին՝ դա խղճի ձայնն էր: Համոզւած եմ, որ երբեւիցէ մարդկային խիղճն ու անարատութիւնն է փրկելու աշխարհը, ոչ թէ՝ գերիշխող առաջնորդների դրամը, զէնքն ու իդէոլոգիաները: Դա եղել է իմ խղճի ձայնն ու պարտքը՝ հանդէպ մարդկութեան: Միւս կողմից, իմ բարոյական պարտականութիւնն ու սկզբունքը՝ որպէս ուղղամիտ գրողի: Ես ձանձրացե՛լ եմ պետութեանս՝ Թուրքիայի սուտ ու պատիր խօսքերից՝ Հայոց Ցեղասպանութեան մասին, նոյնպէս՝ ասորիների, յոյների, քաղդէացիների (քալդանիների) եւ.... կոտորածների մասին.... Իմ համոզմամբ՝ ուղղամիտ ու ճշմարտապահ գրողը անկեղծութեան ձայնն է, ուստի՝ ջանում եմ իմ ժամանակաշրջանի ազնիւ ու հաւատարիմ գրողը լինել:
Հ.- Արդեօք դուք կապի մէ՞ջ էք միւս թուրք մտաւորականների. օրինակ՝ Օրհան Փամուքի, Թաներ Աքչամի, Ռագիբ Զարաքօղլուի եւ....հետ, եւ արդեօք ակնկալելի է՞ այդ ընթացքի հետեւանքով ինչ դուք եւ Թուրքիայի միւս մտաւորականներդ էք որդեգրել Հայոց Ցեղասպանութեան հարցի կապակցութեամբ, օրերից մի օր կառավարութիւնն ստիպւած լինի առերեսւել իր պատմութեան հետ եւ պաշտօնապէս ճանաչի Ցեղասպանութիւնը:
Պ.- Ձեր նշած գրողների հետ ոչ մէկ անձնական կապի մէջ չեմ, սակայն հետեւում եմ իրենց գրած յօդւածներին, յատկապէս՝ Թաներ Աքչամի ու Ռագիբ Զարաքօղլուի յայտնած տեսակէտերին: Մենք պէտք է ջանանք Թուրքիայում բարձրացնել Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեկացւածութեան եւ ընդհանուր գիտելիքների մակարդակը: Բայց, չի թւում, որ մօտիկ ապագայում Թուրքիայի պետութիւնը անկեղծօրէն ընդունի իրականութիւնն ու այդ պատմական ահռելի ոճրագործութիւնը:
Հ.- Պարոն Էնգին, ապրիլի 23-ի երեկոյեան պարոն Էրդողանը մի քանի նախադասութեամբ ցաւակցեց զոհւած հայերի հարազատներին: Դուք, որպէս թուրք մտաւորական, ինչպէ՞ս էք գնահատում այդ խօսքերը:
Պ.- Իմ կարծիքով՝ Էրդողանի արտայայտութիւններն անկեղծ չէին: Դրանք, պարզապէս, միջազգային քաղաքականութեան ուղղութեամբ խաբէութիւններ էին:
Հ.- Պարոն Էնգին, շնորհակալ եմ, որ ձեզ հետ հարցազրոյց ունենալու խնդրանքս ընդունեցիք:
Պ.- Ես էլ շնորհակալ եմ, որ այս առիթն ստեղծեցիք ինձ համար եւ շատ ուրախ եմ, որ հնարաւորութիւն ունեցայ մտքերս արտայայտել Հայոց Ցեղասպանութեան մասին: