Աղբիւր՝ www.asbarez.com

 

Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ Քալիֆորնիայի խորհրդարանը չորեքշաբթի՝ մայիսի 28-ին միաձայնութեամբ (77-0) վաւերացրել է երեսփոխան Ադրին Նազարեանի ներկայացրած թիւ 1915 բանաձեւը, որը պահանջում է Հայոց ցեղասպանութեան դասանիւթը ներառել պետական վարժարանների 7-12 դասարանների ընկերային գիտութեանց նիւթի դասաւանդութիւնների մէջ, ինչպէս նաեւ կոչ է անում Քալիֆորնիայի կրթական նախարարութեանը, որ Հայոց ցեղասպանութեան մասին հրատարակութիւններ կատարի եւ դասաւանդման նիւթեր պատրաստի:

Բանաձեւը, անցեալ շաբաթ վաւերացւել էր Յատկացումների յանձնախմբի, իսկ անցեալ Ապրիլին՝ Կրթական հարցերի յանձնախմբի կողմից:

Բանաձեւը խորհրդարանի լիագումար նիստին ներկայացնելու ընթացքում, Նազարեանը լուսարձակի տակ առաւ նրա կարեւորութիւնը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանութեան մանրամասն դասաւանդումն էական է՝ աւելի լաւ հասկանալու համար նրան յաջորդած եւ Ցեղասպանութիւնն իբրեւ նախատիպար օգտագործած ցեղասպանութիւնները:

Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր վարիչ Էլեն Ասատրեանը դրւատեց բանաձեւի վաւերացումը, որի շնորհիւ կարելի կը լինի Հայոց ցեղասպանութեան նիւթը ներառել պետական վարժարանների դասաւանդութիւնների մէջ: Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց Նազարեանին եւ բանաձեւի գլխաւոր համահեղինակին՝ Խաչօ Աշաճեանին:

Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը, բանաձեւի վաւերացումն ապահովելու նպատակով, վերջին մի քանի ամիսներին մօտիկից գործակցել էր Նազարեանի եւ Աշաճեանի հետ, հարկաւոր նիւթեր տրամադրելով խորհրդարանի անդամներին: Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Կրթական յանձնախմբի ատենապետուհի Ալիս Պետրոսեանը եւ նոյն յանձնախմբի վարչութեան անդամ Քէյ Մուրադեանը, Խաչօ Աշաճեանը, ինչպէս նաեւ խորհրդարանի Կրթական հարցերի յանձնախմբի անդամներ Ջոն Բիւքենընն ու Ռաքի Չաւեզը, ապրիլի 9-ի նիստի ընթացքում սոյն բանաձեւին ի նպաստ ելոյթներ էին ունեցել:

Նշեալ բանաձեւի կողքին, Նազարեանի ջանքերով եւս, Քալիֆորնիայի նահանգային Ծերակոյտը քննելու է նաեւ թիւ 659 բանաձեւը, որը յանձնարարում է վարժարաններին օգտագործել Հայոց ցեղասպանութեան վերապրողների բերանացի վկայութիւնները՝ նման արհաւիրքների մասին դասաւանդութիւնների ընթացքում: Թիւ 659 բանաձեւը վաւերացւել է արդէն խորհրդարանի կողմից: