Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Մայիսի 20-ին կայացել է «Հայոց Ցեղասպանութիւն 100: Ճանաչումից պահանջատիրութիւն» խորագրով Լրագրողների 7-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նիստը, որը վարել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր, Լրագրողների համահայակական համաժողովների համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեանը: Այս մասին յայտնում են ՀՀ Սփիւռքի նախարարութիւնից:

ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը ողջունելով նիստի մասնակիցներին՝ կարեւորել է այն հանգամանքը, որ համաժողովն անցկացւելու է սեպտեմբերին կայանալիք «Հայաստան-Սփիւռք» 5-րդ համաժողովին զուգահեռ: Նախարարը համակարգող խորհրդի Սփիւռքի անդամ խմբագիրներին յորդորել է իրենց մասնակցութիւնը բերել համաժողովների աշխատանքներին:

Օրակարգում քննարկւել են «Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շեմին հայկական լրատւամիջոցների շեշտադրումների եւ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող հարցերի լուսաբանումը՝ հայկական եւ օտարերկրեայ մամուլում» հարցերը:

Նիստին հեռակապով մասնակցել են՝ Արցախի Ժուռնալիստների միութեան նախագահ Կիմ Գաբրիէլեանը, Իրանից՝ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Ֆրանսիայից՝ «Նոր յառաջ» թերթի գլխաւոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանը, Լիբանանից՝ «Խօսնակ» ամսագրի գլխաւոր խմբագիր Համբիկ Մարտիրոսեանը, ԱՄՆ-ից՝ լրագրող, հրապարակախօս Յակոբ Վարդիվառեանը:

Նիստում քննարկւել են նաեւ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի կազմակերպական այլ հարցեր: