Աղբիւր՝ www.asbarez.com
«Արմէնփրես»-ը վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը՝ հաղորդում է, որ Թուրքիայի պատմագիտական ընկերութիւնը, որ յայտնի է Հայոց ցեղասպանութեան ժխտման հարցի մէջ իբրեւ թրքական պաշտօնական տեսակէտների հեղինակ, ապրիլի 24-ին, Վանի «Էուզինճի Իլ» համալսարանում, «Հայերը Համաշխարհային առաջին պատերազմի մէջ» խորագրով գիտաժողով էր կազմակերպել:
32 գիտնականների մասնակցութեամբ գիտաժողովին, որ հանրութեան եւ ուսանողութեան համար բաց է եղել, ընդամենը 7 ունկնդիր է մասնակցել:
Թուրքիայի փոխ-վարչապետ Բիւլենթ Արընչը 15 նոյեմբեր 2013-ին յայտարարել էր, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի կապակցութեամբ հայկական կողմի պնդումների դէմ «գիտական ապացոյցներ» մշակելու նպատակով Թուրքիայի պատմագիտական ընկերութեան կից «Հայկական հարցի հետ կապւած աշխատանքներ կատարող կեդրոն» է ստեղծւել, որի համար պետութիւնը շուրջ 8,5 միլիոն թրքական լիրա է յատկացրել:
Եւ ապա, պետական պատւէրը «պատւով» կատարած Թուրքիայի պատմագիտական ընկերութեան ղեկավար Մեհմեդ Մեդին Հիւլաղուն իր արտասանած խօսքի մէջ հրապարակ է բերել Հայոց ցեղասպանութեան ժխտումը «արդարացնող» զաւեշտական մի «պաշտօնական տեսակէտ» եւս, ըստ որի «Ապրիլ 24-ը հայերի կողմից անհիմն մտահայեցողութեան խորհրդանիշ է, իսկ թուրքերի համար այն Չանաքքալէի պատերազմն է յիշեցնում»:
Ըստ թուրք «պատմաբան»-ի, այն պարագային, երբ թուրքերը Դարդանելում «մահ ու կենաց» պատերազմ էին մղում, հայերը «մէջքից հարւածներ էին հասցնում», որի համար էլ թրքական պետութիւնն ստիպւած է եղել նրանց հեռացնել «ապահով վայրեր»՝ Դեր Զորի «բերքաբեր հողեր»: Ըստ նրա, 1915-ի իրադարձութիւնների մէջ 20 հազարից «ոչ աւելի» հայ է մահացել, այդ էլ՝ համաճարակների պատճառով: «Իսկ հայերն այդ ժամանակ 300 հազարից աւելի թուրք են սպանել: Այնպէս որ, հայերն են թուրքերին կոտորել, ոչ թէ հակառակը»,- յայտարարել է ինքն իրեն պատմաբան համարող այդ «գիտնական»-ը:
«Ակօս»ը գրում է. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսեան ցաւակցական ուղերձին զուգահեռ՝ ապրիլ 24-ին հայերի համար պատմական նշանակութիւն ունեցող Վանի մէջ Թուրքիայի պատմագիտական ընկերութեան կողմից 99-ամեայ ժխտման պնդումները նորացնող գիտաժողով կազմակերպելն ստւերի տակ է առնում վարչապետի ցաւակցութիւնը: Այնպէս է ստացւում, որ թրքական պաշտօնական տեսակէտ ձեւաւորող կառոյցը Հայկական հարցի մէջ շարժւում է դէպի ետեւ, իսկ ինչպէս իշխանութիւնները յայտարարում են, իրենք շարժւում են յառաջ: Այդ պարագային, ինչպէ՞ս կարելի է Էրդողանի ուղերձը Հայկական հարցի մէջ յառաջխաղացք համարել»: