Աղբիւր՝ www.alikonline.ir
Ուրուգւայի խորհրդարանի Միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի, նաեւ «ՄԵՐԳՕՍՈՒՐ» խորհրդարանի նախագահ, Հայ Դատի պաշտպան եւ զօրակից Ռուբէն Մարթինէս Վելմօն մի նամակ ստացաւ Արգենտինայի եւ Ուրուգւայի պետութիւններում Թուրքիայի դեսպան Թաներ Գարագասից, վարչապետ Էրդողանի Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցի առթիւ հայութեանը եւ համաշխարհային հանրութեանը յղած ուղերձի կապակցութեամբ, ուր Թուրքիայի վարչապետը իր «ցաւակցութիւնն» էր յայտնում Ցեղասպանութեան ժառանգորդներին:
Հայ մամուլին թարգմանաբար ներկայացնելու իր պատասխաննամակը՝ թուրք դեսպանին, Ուրուգւայի Հայ Դատի յանձնախումբը, պատգամաւոր Վելմոյի հաւանութիւնը ստանալուց յետոյ հրապարակում է ստորեւ:
* * *
«Թուրքիայի դեսպանութիւն
Պրն. դեսպան Թաներ Գարագաս
Ողջոյններ,
Շնորհակալութիւն եմ յայտնում ձեր ուղարկած Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրապարակած Ապրիլ 24-ի ուղերձի լրիւ բովանդակութեան համար, որին ծանօթ էի, քանի որ դա մի պատգամ էր համաշխարհային հանրութեանը:
Իմ պարտականութիւնն եմ համարում ձեզ տեղեկացնելու, որ Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութիւնը 1965 թւականից սկսած անվերապահօրէն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը 1965 թ. ապրիլի 20-ի թիւ 13 326 օրէնքի միջոցով, որից յետոյ իմ երկիրը համաշխարհային հանրութիւնում վերածւեց առաջինը, որ ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը:
Ճիշտ այդ օրը Ուրուգւայի խորհրդարանում ընթացք առաւ Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկը, որին ներկայ գտնւեցին պատգամաւորներ եւ իմ երկրի բոլոր կուսակցութիւնների ներկայացուցիչներ, որոնք իրենց պատգամը փոխանցեցին այդ առիթով:
Վերջերս, Ուրուգւայի խորհրդարանը 2011 թ. նոյեմբերի 4-ի թիւ 18 834, յօդւած 205-ի մի բանաձեւի հիման վրայ, օրէնք որդեգրեց՝ յանձնարարելով կրթութեան եւ մշակոյթի նախարարութեանը, որպէսզի ստեղծի Հայոց Ցեղասպանութեան թանգարան՝ նպատակ ունենալով տարածել հայոց մշակոյթը եւ տեղեկութիւններ հաւաքել հայ գաղթականութեան մասին:
Այդ բոլոր դրոյթները միաձայնութեամբ որդեգրւել են Ուրուգւայի բոլոր քաղաքական համակարգի կողմից՝ առանց որեւէ առարկութեան:
Ուրուգւայը, համաձայն իր աւանդութեան, հաւատարիմ է մնում՝ պահպանելու մարդու իրաւունքները եւ Հայոց Հարցը մեզ համար, վճռւած է ինչ որ արժանի ենք գտնում թէ՝ ճանաչումն ու հատուցումը միակ ճանապարհն է, որից պէտք է անցնել՝ հարթելու համար ճշմարիտ հաշտեցման ուղին:
Ուրուգւայը երիտասարդ մի երկիր է, նրանով հանդերձ, այն ձեւաւորւած է տարբեր գաղթականական ալիքների վրայ, ուր մարդիկ մեր հողերն են եկել՝ ձգտելով հեռու մնալ ատելութեան եւ այլ տխուր հանգամանքներից եւ կարելի է ասել, թէ մենք խորագոյն փորձառութիւն ենք ձեռք բերել, որ մեզ հասցրել է խօսքի ազատութեան, արդի լրիւ ժողովրդավարական համակարգի եւ լիարժէք ապահովման, թէ՛ խաղաղութեան, եւ թէ՛ մարդու իրաւունքների ճանապարհին:
Այնպէս որ՝ առանց խորանալու եւ վերլուծելու վարչապետ Էրդողանի ուղերձը, ուր վստահաբար մի շարք տարաձայնութիւնների պէտք է հանդիպեմ, պէտք է արտայայտւեմ, որ այն համերաշխութիւնը, որ մենք ուրուգւայցիներս ենք տածում հանդէպ հայ նահատակների, զգացել ենք մեր մաշկի վրայ:
Ուրուգւայը սկզբունքների երկիր է եւ այս կերպ շարունակում է գործել, պարզ այն պատճառով, որ ցանկանում ենք, որ աշխարհը մեզ այսպէս ճանաչի եւ կառչած ենք մնում այն ազնիւ սկզբունքներին, ուր մեր ազգային հերոս Խոզէ Արթիգասն էր ասում՝ «Ազատութեան հետ մարդու չեմ վիրաւորի եւ ոչ էլ վախենում եմ»:
Ինձ համար հաճելի է ստանալ ձեր գրութիւնը եւ դրան կցւած ձեր երկրի բարձրագոյն ղեկավարի ուղերձը:
Ողջունում եմ ձեզ եւ յաջողութիւն մաղթում ձեր կարեւոր առաքելութեան մէջ»:
Ջերմօրէն՝
Ռուբէն Մարթինէս Վելմօ
ազգային պատգամաւոր
- Սա այն յստակ պատասխան- նամակն էր, որ հայ ժողովրդի բարեկամ յարգելի ուրուգւայցի պատգամաւորը յղեց Արգենտինայի եւ Ուրուգւայի կառավարութիւններում գտնւող թուրք դեսպանին: