Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի Հայոց ցեղասպանութեան Սրբազան նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանը կանգնեցւել է Ցեղասպանութեան 60-ամեակի առիթով, երբ համայն աշխարհում, հայկական համայնքներում, հայ ժողովրդի քաղաքական զարթօնքը խորհրդանշող նման յուշարձաններ էին կառուցում:
Յուշարձանը կառուցւել է 1975 թւականին, Ս. Ամենափրկիչ Վանքի բակի հիւսիս- արեւմտեան բաժնում: Յուշարձանի հեղինակն է նախագծող-ճարտարապետ Ալբերթ Աճեմեանը, որն այսպէս է բնորոշել նրա խորհուրդն ու իմաստը.
Յուշարձանը խորհրդանշում է երեք հիմնական գաղափարներ՝
ա. Հայ Ժողովրդի դէմ իրագործւած Ցեղասպանութիւնը, որը փաստօրէն ընդհատել է հայ ազգի բնական զարգացումն ու մշակոյթի ծաղկումը հայրենի հողում, որի խորհրդանիշը՝ քառակուսի նիստով դէպի կատարելութիւն ձգւող բուրգն է, հազարամեակների մշակոյթի սիմւոլը հանդիսացող զարդաքանդակներով պարուրւած, որը սակայն եղեռնագործութեամբ հատւել է խաչապատկեր հորիզոնական կտրւածքներով:
բ. հայ ժողովրդի վերածնունդն է խորհրդանշում Եղեռնից յետոյ, խաչանիշ հիմքի վրայ չորս ճիւղերով վեր խոյացած սիւները, որոնց պսակը կազմում է յաղթական կամարներով մի գմբէթ:
գ. հայ Ժողովրդի անբնական իրավիճակն է՝ հայրենիք-սփիւռք իրականութիւնը, որը թէեւ խորհրդանշւում է երկփեղկւած բրգաձեւ սափորով, սակայն միացած է յաւերժութեան խորհրդանիշը կրող կենաց ջրի ցայտաղբիւրով:
Յետագային ցայտաղբիւրը վերածւել է կրակարանի, որտեղ բոցավառւում է Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը յաւերժացնող կրակը:
Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ` 2015 թւականին, յուշարձանի նախագծող-ճարտարապետ՝ Ալբերթ Աճեմեանի հետ համախորհուրդ, կոթողի հիւսիսային պատի վրայ տեղադրւել է քարից պատրաստւած` հայ ժողովրդի ազգային ինքնութիւնը խորհրդանշող` յաւերժութեան նշանը, իսկ արեւելեան պատի վրայ՝ յուշապատ, որի վրայ անգլերէն եւ պարսկերէն լեզուներով պատմական ակնարկ է արւել Ցեղասպանութեան պատմութեանը, փորագրւած են յուշարձանի կառուցման թւականը, հեղինակի, շինութեան հովանաւորող՝ Երւանդ Սապունճեանի, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան զոհերի իրաւունքի պաշտպանութեամբ հանդէս եկած օտարազգի մտաւորականների անունները:
Յատկանշելի է, որ ամէն տարի ապրիլ 23-ի երեկոյեան եւ ապրիլ 24-ի առաւօտեան տեղի են ունենում հոգեւոր արարողութիւններ, մոմավառութիւն, հսկում, ոգեկոչման ու քաղաքական բնոյթի հանդիսութիւններ, որոնց իր խուռներամ մասնակցութիւնն է բերում Նոր Ջուղայի հայութիւնը:
Լուսանկարիչ՝ Անդրէ Խաչատրեան