Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Անւանի լրագրող Ռաբըրտ Ֆիսքը շարունակում է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած իր յօդւածաշարը՝ անգլիական «The Independent»-ում: Այս անգամ Ֆիսքն անդրադառնում է անգլիացի ռազմական բժիշկ Ալէն Գլէնի յուշերին, նրան, թէ ինչպէս սկսւեց «թուրքերի կողմից հոլոկոստը»:

Յօդւածագիրը նկարագրում է 1915-ի ապրիլի 23-ի լոյս 24-ի գիշերը, երբ Կոստանդնուպոլսում հարիւրաւոր հայ մտաւորականներ ձերբակալւեցին: Ֆիսքի գնահատմամբ՝ դա Առաջին աշխարհամարտի ամենասարսափելի յանցագործութեան առաջին հրապարակային գործողութիւնն էր: Ըստ հեղինակի՝ այդ գիշեր 235 հոգի, ապա եւս 600 հոգի են ձերբակալւել:

Յաջորդիւ Գլէնի դժւարընթեռնելի ձեռագրերից Ֆիսքը մէջբերում է տեսարանի նկարագրութիւնը, թէ ինչպէս էին 50 հազար հայ փախստականներ ճամբան ի վար ընթանում, ինչն ականատեսի բնորոշմամբ՝ ապշելու եւ ողբերգական տեսարան էր: Գլէնը հայերի կոտորածի ականատեսն է եղել երեք տարի շարունակ:

Անգլիացի բժշկի գնահատմամբ՝ կոտորածի պատճառն այն էր, որ թուրքերը հայերին դաւաճան էին համարում, յատկապէս՝ Ցարական Ռուսաստանի հետ համագործակցելու համար:

Յօդւածագրի դիտարկմամբ՝ Արեւմուտքը Հայոց Ցեղասպանութեան մասին, ի տարբերութիւն հրեաների հոլոկոստի, իմացել է հաշււած օրերի ընթացքում, քանի որ այդ ամենի ականատեսն էին արտասահմանցի դիւանագէտները: Նրանք անգամ նախազգուշացում էին արել Թուրքիային, որ դա մարդկութեան դէմ յանցագործութիւն է:

Նշւում է, որ Անգլիայի արտգործնախարարի 1916-ի զեկոյցն ահազանգում էր հայ աղջիկների զանգւածային բռնաբարութեան մասին: Ըստ Ֆիսքի՝ Վինստոն Չըրչիլն առաջինն էր, ով Հայոց Ցեղասպանութիւնը Հոլոկոստ կոչեց, աւելի յստակ՝ «վարչական հոլոկոստ»:

Ֆիսքը նաեւ այլ ժամանակակիցների վկայութիւններ է բերում, անդրադառնում վերապրածներին: Թուրքիայի մերժողականութեան կողքին՝ Ֆիսքը խօսում է նաեւ Իսրայէլի հայերի կոտորածը Ցեղասպանութիւն չճանաչելու դիրքորոշման մասին: