Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրք հետազօտիչ, Պոլսի «Բօղազիչի» համալսարանի երիտասարդ գիտնականներից Մեհմեդ Փոլադելը հարցազրոյց է տւել «Բիանեթ» կայքէջի թղթակցին: Ակնարկելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւններին, թէ Հայոց ցեղասպանութեան մասին հետազօտութիւնների համար թրքական բոլոր արխիւները բաց են՝ Փոլադելը շեշտել է, որ Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի հանրապետութեան ստեղծման ժամանակաշրջանների վերաբերեալ փաստաթղթերը կա՛մ փակ են, կա՛մ ոչնչացւած, կամ էլ չեն դասակարգւած։
«Ասւում է, որ արխիւները բաց են, բայց գործնական գետնի վրայ նրանք փակ են։ Հարցեր են ստեղծւում նոյնիսկ բաց արխիւների պարագային, քանի որ նրանց մէջ փաստաթղթերը կա՛մ չեն դասաւորւած, կամ էլ ընդհանրապէս բացակայում են։ Հեռագրերը կան, բայց պատասխանները չկան։ Բազմաթիւ փաստաթղթեր էլ գոյութիւն չունեն նոյնիսկ բաց արխիւների մէջ»,- ասել է Փոլադելը, որ դոկտորական թէզ է պատրաստում Օսմանեան կայսրութեան շրջանում հայերից բռնագրաււած ինչքերի եւ հողային պահանջատիրութեան թեմային շուրջ։
Երիտասարդ գիտնականի խօսքերով, մի շարք արխիւներ բաց են, բայց դա չի նշանակում, որ այնտեղ պահպանւած են բոլոր փաստաթղթերը. «Հանրապետութեան շրջանի արխիւների մէջ Հայկական հարցի առնչութեամբ փաստաթղթերը կա՛մ ոչնչացւած են եւ կամ գաղտնագրւած։ Նահանգապետներին եւ նրանց տեղակալներին ուղղւած հեռագրեր կան, բայց պատասխանները չկան, ինչը որ դժւարացնում է հետազօտիչների աշխատանքը։ Ռազմական արխիւները գրեթէ փակ են, քանի որ որեւէ փաստաթղթի հետ ծանօթանալու համար պէտք է ստանալ արտօնութիւնը մի շարք պաշտօնեաների, ովքեր որոշում են, թէ դա կապ ունի՞ դիմումի մէջ ներկայացւած ուսումնասիրութեան խորագրի հետ, թէ՝ ոչ։ Հաւանական է, որ վարչապետ Էրդողանի վերջին յայտարարութիւնից յետոյ նրանք բացւեն։ Բացի դրանից, ռազմական արխիւներն էլ ամբողջութեամբ չեն դասաւորւած եւ մի շարք բաժիններ փակ են հասարակութեան համար։ Օսմանեան կայսրութեան մասին բազմաթիւ փաստաթղթեր անծանօթ պատճառներով պահւում են ռազմական փակ արխիւներում»,- եզրակացրել է Փոլադելը։