Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ժողովի ընթացքում դարձեալ անդրադարձել է 1915 թւականի դէպքերին,- տեղեկացնում է «Sondakika» կայքը:

Էրդողանը նշել է, թէ իրենք համարձակ քայլ են արել (նկատի ունի 1915 թւականի զոհերի հարազատներին ուղղւած ցաւակցական յայտարարութիւնը), եւ նոյնն ակնկալում են Հայաստանի Հանրապետութիւնից եւ Հայկական Սփիւռքից:

«Որպէս մեծ ցաւեր տեսած ժողովուրդ՝ մենք հասկանում ենք աշխարհի բոլոր երկրներում ապրող ազգերի ցաւերը: Ցաւ ապրողների զգացողութիւնները շատ լաւ գիտենք: Մենք պատրաստ ենք լուսաւորել պատմութիւնը: Պատրաստ ենք յիշել մեր ընդհանուր ցաւերը: Մէկ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների լուսաբանումն ուզելով, ցաւերը կիսելով՝ նոյնը նաեւ հակառակ կողմից ենք ակնկալում: Ցանկանում ենք, որ լինի Հայաստան պետութիւնը թէ Հայկական Սփիւռքը, մեր այդ համարձակ քայլը տեսնեն եւ նման համարձակութիւն ցուցաբերեն»,- ասել է նա:

Միաժամանակ նա ամերիկեան «PBS» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում հերքել է Հայոց Ցեղասպանութիւնը:

Կը ճանաչի՞, արդեօք, Թուրքիան 1915 թւականի դէպքերը՝ որպէս Հայոց Ցեղասպանութիւն: «PBS» հեռուստակայանի եթերում լրագրող Չառլի Ռոուզի այս հարցին ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը յայտարարել է, որ դա անհնար է:

«Եթէ դա ցեղասպանութիւն լինէր, այսօր Թուրքիայում հայեր կապրէի՞ն»,- յաւելել է նա:

Յիշեցնենք, որ Էրդողանն ապրիլի 24-ի նախօրէին յայտարարութեամբ էր հանդէս եկել, որով ցաւակցել էր 1915 թւականի ընթացքում Անատոլիայի տարածքում սպանւած հայերի ժառանգներին եւ զոհերի հոգիներին հանգստութիւն էր մաղթել:

Լրատւութիւնը կազմւել է՝ ըստ «yerkirmedia.am»-ի եւ «tert.am»-ի թողարկած տեղեկատւութեան: