Աղբիւր՝ www.alikonline.ir

 

ԹԵՀՐԱՆ

Այս տարի եւս թեհրանահայ համայնքի հազարաւոր հայորդիներ իրենց մասնակցութեամբ, մէկ անգամ եւս ապացուցեցին հայի անկոտրում կամքը՝ իր նահատակների պահանջատիրական կանչը ի լուր աշխարհի լսելի դարձնելու առումով:

Ապրիլի 24-ի վաղ առաւօտեան ժողովուրդը սկսեց շարժւել դէպի Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի, ուր առաւօտեան ժամը 9-ին արդէն սկսւել էր ս. պատարագ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ: Այնուհետեւ հոգեհանգիստ՝ նահատակների յուշարձանի մօտ, ապա հազարաւոր թեհրանահայեր լուռ երթով շարժւեցին դէպի Թուրքիայի դեսպանատուն, ուր տեղի ունեցաւ բողոքի համահաւաք: Օրւայ առիթով արտայայտւեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, արտայայտւեց թեմակալ առաջնորդը, ընթերցւեց ուսանողական խօսք, ինչպէս նաեւ բանաձեւը:

* Ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում իւրայատուկ աշխուժութիւն էր տիրում, ի մասնաւորի՝ երիտասարդութեան մօտ: Այդ օրը տեղացող յորդ անձրեւը անգամ չկասեցրեց օրւայ հոգեհանգիստը, ծաղիկների մատուցման արարողութիւնը եւ երիտասարդական համահաւաքը:

Ծաղիկների մատուցման արարողութեանն մասնակցել էին՝ Իրանում հաւատարմագրւած մի շարք երկրների դեսպաններ, ինչպէս՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնութեան, Ուրուգւայի եւ Լիբանանի, իսկ Սիրիայի դեսպանութեան ներկայացուցիչը:

* Ապրիլի 24-ի երեկոյեան ժամը 7:30-ին հազարաւոր հայորդիներ, օրւայ խորհրդով տոգորւած, ի մի էին եկել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանութեան 99-ամեակին նւիրւած կենտրոնական ձեռնարկին:

Միջոցառում, որի իրականացումը տարիներ է, ինչ վստահւած է Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեանը: Օրւայ բանախօսն էր դոկտ. Կարէն Խանլարեանը: Ելոյթ ունեցան նաեւ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը, ինչպէս նաեւ՝ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանը:

Ապա տեղի ունեցաւ միջոցառման գեղարւեստական բաժինը՝ Սեդրակ Գոջամանեանի ղեկավարութեամբ:

Երկժամեայ միջոցառումը այնպիսի ոգեւորութիւն առաջացրեց հանդիսատեսի մօտ, որ վերջում հոծ բազմութիւնը յոտնկայս սկսեց ծափողջոյններով իր գնահատանքը յայտնել բարձրորակ երեկոյի կազմակերպման համար:

 

ԱՏՐՊԱՏԱԿԱՆ

* Ապրիլի 23-ի երեկոյեան Ատրպատականի հայոց թեմի հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան Հսկումի երիտասարդական հաւաքներ, որոնց ընթացքում երիտասարդութիւնը ուխտեց հաւատարիմ մնալ նահատակների սուրբ կտակին՝ վերականգնելու համար մեր ազգի ոտնահարւած իրաւունքները:

* Հինգշաբթի, ապրիլի 24-ի առաւօտեան Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ աղօթքով ու հոգեհանգիստով ոգեկոչելու յիշատակը Հայոց Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների:

* Թաւրիզում հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ իր պատգամը փոխանցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանը:

* Ուրմիայում ս. պատարագը մատուցեց եւ քարոզեց ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

* Ատրպատականում, հայաշատ զոյգ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում ապրիլի 24-ի երեկոյեան տեղի ունեցան ոգեկոչական հանդիսութիւններ՝ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճեանի:

 

Այլ միջոցառումներ

* Ապրիլի 25-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում ցուցադրւեց Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմը՝ կրկնօրինակւած հայերէնով:

* Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի ոգեկոչման առիթով կիրակի, ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին բանախօսութիւն եւ գեղարւեստական ծրագիր է տեղի ունենալու Հայ Աւետարանական Եկեղեցու «Գոհար» դպրոցի «Մուդոյեան» սրահում: