Աղբիւր՝ www.yerkir.am
Պոլսում տպագրւող հայկական «Ակօս»-ն իր էջերում տեղ է տրամադրել Սփիւռքի 16 գործիչների, ովքեր նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին՝ պատմելով Հայոց ցեղասպանութիւնից փրկւած կամ դրա զոհը դարձած իրենց նախնիների մասին:
«Ակօս»-ում հրապարակւած նամակներից մէկը յայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկեանինն է:
«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ,
Անունս Սերժ Թանկեան է։ Ես ծնւել եմ Լիբանանում։ Պապիկներս ու տատիկներս եկել են այնտեղից, որն այժմ Թուրքիա է կոչւում։ Պապիկս՝ Ստեփանը, եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատիկս՝ Թոքաթից։ Միւս պապիկս ու տատիկս՝ Դորթեոլից եւ Ուրֆայից։ Նրանցից ոչ մէկն իր ծննդավայրը յօժարակամ չի լքել: Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանութիւնից փրկւածներ են, որն իրագործւել է Օսմանեան կայսրութեան վերջին օրերին՝ կառավարութեան գլուխ անցած իթթիհաթականների կողմից։
Այդ ժամանակ բոլորն էլ երեխաներ են եղել։ Ստեփան պապիկս փրկւել էր եւ որոշ ժամանակ բնակւել ամերիկեան, ապա յունական որբանոցներում` մինչեւ, որպէս գաղթական, Լիբանան հասնելը: Վարսենիկ տատիկս եւ նրա մեծ մայրը փրկւել էին մի թուրք քաղաքապետի շնորհիւ, որն իր կեանքը վտանգել էր յանուն ճիշտ արարքի:
Այս պատմութիւնները Թուրքիայի կամ այլ պետութիւնների արխիւային պատմութիւններ չեն։ Այս դէպքերն իմ ընտանիքի պատմութիւնն են։
Աւելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից պապիկս է եկել, ճանաչւած էր որպէս պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններն ուսումնասիրութիւն են կատարում Թուրքիայում, նրանք հելլենական մշակոյթի կողքին գտնում են մեր մշակոյթի մնացորդները։
Թուրքիան շատ կարեւոր է ինձ համար, ոչ թէ նրա համար, որ պապիկս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով զաւթւել են նրանցից ոչ թէ պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխութեան հետեւանքով, այլ իթթիհաթականների կառավարութեան վայրագ հրահանգների պատճառով։
Ի՞նչ նշանակութիւն ունի այդ ամէնը մեզ համար։ Շատ պարզ է` հայերս չենք ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրայ կամ ցեղային խռովութիւն ստեղծել, մենք միայն արդարութիւն ենք ուզում, որպէսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցաւից, որը կաշկանդում է մեր յարաբերութիւնները։
Սա միայն Հայոց ցեղասպանութեանը չի վերաբերում, այլ նաեւ Թուրքիայի պատմութեան հարցն է։ Արդեօ՞ք Էրդողանի կառավարութիւնը ճիշտ քայլ կը կատարի` այս հարցի հետ կապւած։ Չեմ կարծում։ Ոչ էլ ռազմական ատեանը կանի նման բան, որը ժամանակակից Թուրքիայի պատմութեան մէջ իշխել է երկրի վրայ:
Տեղեա՞կ էք, որ ձեր կառավարութիւնը տարեկան միլիոնաւոր դոլարներ է ծախսում՝ ժխտելու համար այս իրականութիւնը՝ օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբինգային ընկերութիւններ գործի դնելով, տարբեր համալսարաններում նախագահների պաշտօններ առաջադրելով, որպէսզի իրենց ցանկութեամբ գրեն ցանկացած իրականութիւնը: Գիտէ՞ք, թէ դա մեզ՝ հայերիս համար ինչ նշանակութիւն ունի: Գիտէ՞ք, թէ դա որքան տանջալի է մեզ համար։ Բաւարար չէ՞ իմ՝ Եղեռնից փրկւածի թոռ լինելը։ Ստիպւած եմ մէկ էլ միջազգային յարթակում քարոզչութեան եւ փտածութեան դէմ պայքարել, որպէսզի տիրանամ արդարութեանս։
Մեր պատմութիւնները, աշխարհագրութիւնն ու արիւնն իրար այնքան մօտ են, որ չենք կարող այս հարցերի լուծումները չգտնել։
Թէ՛ հայերը, թէ՛ թուրքերն արժանի են ունենալ ղեկավարներ եւ կառավարութիւններ, որոնք հաւասարապաշտ են, ժողովրդավար եւ ոչ փտած։
Աւարտելով նամակս՝ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում եւ որոնք ինձ հետ կիսել են իրենց պատմութիւնները երաժշտական շրջագայութեան ժամանակ եւ նրանց, որոնք ինձ ճշմարտութեան եւ արդարութեան վրայ հիմնւած մերձեցման յոյս են ներշնչել։
Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, մաղթում եմ, որ իսկապէս կարողանաք գտնել ինքներդ ձեզ»։