Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org

 

Ներկայ գրութիւնը հայրապետական պատգամն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի, ուղղւած Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի առաջնորդների եւ 100-ամեակի յանձնախմբերի ատենապետների մասնակցութեամբ տեղի ունեցած համագումարին, չորեքշաբթի՝ 9 ապրիլ 2014-ին, Անթիլիասի մայրավանքում։

 

Հայ դատը իւրաքանչիւր հայի եւ ամբո՛ղջ հայութեան դատն է։ Ա՛յս խոր գիտակցութեամբ ու ամբողջական յանձնառութեամբ կոչւած ենք մասնակից ու զօրակից դառնալու հայ ժողովրդի արդար իրաւունքների ձեռքբերման աշխատանքներին։

Գտնւում ենք Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի սեմին։ Թէ՛ Հայաստանի եւ թէ աշխարհացրիւ մեր գաղութների մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի համազգային ու համագաղութային նշման գծով աշխատանքներ են կատարւում եւ ծրագրեր են մշակւում։ Ցեղասպանն իր կարգին այս ուղղութեամբ իր հակազդեցուցիւնը ծրագրելու տենդագին աշխատանքին է լծւել։

2015 թւականը հայ ժողովրդի ժամանակակից պատմութեան մէջ սովորական մի թւական պէտք չէ դառնայ։ Այն պէտք է արժեւորւի այնպիսի նախաձեռնութիւններով ու իրագործումներով, որոնք ո՛չ միայն մնայուն հետք են թողնելու մեր հաւաքական կեանքում, այլ նաեւ նոր մղում են տալու հայ ժողովրդի պահանջատիրական պայքարին։

100-ամեակի ծրագրումները պէտք է որպէս մեկնակէտ ու նպատակակէտ ունենան հետեւեալ նշանաբանը՝ ՅԻՇԵԼ, ՅԻՇԵՑՆԵԼ ու ՊԱՀԱՆՋԵԼ։ Այս նշանաբանով արտայայտւող երեք նպատակները իրար հետ սերտօրէն ընդելուզւած են ու իրար ամբողջացնում են։ Այս հեռանկարով պէտք է պատրաստւեն 100-ամեակի ծրագրերը։

Որպէս ուղեցոյց 100-ամեակի նախապատրաստական աշխատանքների, ուզում ենք կարեւորութեամբ շեշտել հետեւեալ կէտերը.-

1) Միասնականութիւնը պէտք է մղիչ ուժը դառնայ մեր մտածումների, նախաձեռնութիւնների ու ծրագրերի՝ համազգային թէ գաղութային մակարդակների վրայ։ Մեր կեանքում գոյութիւն ունեցող ամէն տեսակ տարբերութիւն, հակասութիւն կամ զգայնութիւն պէտք է անհետանան այս յոյժ կարեւոր դէպքի դիմաց։ Հայ ժողովուրդը աշխարհին պէտք է ներկայանայ մէ՛կ ձայնով, մէ՛կ կեցւածքով, մէ՛կ պահանջատիրութեամբ։ Այստե՛ղ է մեր հզօրութեան աղբիւրը:

2) Համահայկական մաշտապով հարկ է նշւի 100-ամեակը։ Ա՛յս տեսլականով ու յանձնառութեամբ անհրաժեշտ է մշակել բոլոր ծրագրերը։ Բնականաբար Հայաստանը եւ իւրաքանչիւր գաղութ ծրագրեր է մշակելու իր ներքին դրւածքի ու շրջապատի պայմանների համաձայն։ Սակայն, անհրաժեշտ է այնպիսի միջոցների դիմել, որ կարելի լինի այս կարեւոր դէպքի համահայկական նկարագիրն ու տարողութիւնը լուսարձակի տակ բերել՝ Հայաստանի եւ Սփիւռքի, ինչպէս նաեւ գաղութներին միջեւ ընդհանրական երեւոյթները շեշտելով։

3) Միասնական ոգին ու համահայկական մօտեցումը 100-ամեակի ծրագրերի մեկնակէտը դարձնելով հանդերձ, հասկնալի պատճառներով շեշտաւորումի տարբերութիւններ անհրաժեշտ է որ լինեն Հայաստանի ու Սփիւռքի միջեւ։ Սակայն այս տարբերութիւնները պէտք է այնպիսի ձեւով ներդաշնակւեն ու համադրւեն, որ իրար չհակասեն ու երկուութիւն չյառաջացնեն, այլ՝ իրար լրացնեն ու հզօրացնեն մէկ ամբողջութեան շրջանակում։

4) 100-ամեակը պէտք է նշւի մեր ժողովրդի ամբողջական ու գործօն մասնակցութեամբ։ Անհրաժեշտ է դուրս գալ սրահներից եւ առաւելագոյն չափով հեռու մնալ ժամանակավրէպ դարձած հանդիսութիւններից, համագումարներից, ցուցահանդէսներից, դասախօսութիւններից, եւ այլն։ Մեր ժողովուրդն իր հաւաքական ընդվզումն ու կամքը պէտք է արտայայտի այնպիսի ազդու եւ զուսպ միջոցներով, որոնք կարող են միջազգային համայնքի ուշադրութիւնը գրաւել ու հայ ժողովրդի դատի նկատմամբ համակրանք ստեղծել։ Ապրիլ 24-ի օրը իդէալ առիթը կարող է լինել նման համաժողովրդային արտայայտութեան։

5) 100-ամեակի կիզակէտը պէտք է դառնայ պահանջատիրութիւնը։ Բնականաբար ցեղասպանութեան ճանաչումը պէտք է շարունակւի վերանորոգ վճռակամութեամբ։ Սակայն, ժամանակն է որ մեր դատի հետապնդման աշխատանքների մէջ շեշտը դրւի հատուցման վրայ։ Երկու տարի առաջ Անթիլիասի մայրավանքում մեր կազմակերպած միջազգային համագումարը՝ «Ճանաչումից՝ հատուցում», մի դարձակէտ էր այս իմաստով։

6) Մեր ժողովրդի պահանջատիրութիւնն այլեւս մասնակի աշխատանքներով, զգացական մօտեցումներով ու պարագայական պոռթկումներով պէտք չէ արտայայտւի. այն պէտք է հիմնւած լինի միջազգային օրէնքի վրայ։ Եթէ ուզում ենք, որ մեր պահանջատիրական պայքարի առջեւ նոր հորիզոններ բացւեն, եթէ ուզում ենք տիրական կերպով մուտք գործել միջազգային ակադեմական, իրաւական, դիւանագիտական ու քաղաքական շրջանակների մէջ, եթէ ուզում ենք, որ միջազգային համայնքը լսի մեր ձայնը, մեր աշխատանքը պէտք է լինի համահունչ՝ թէ՛ միջազգային օրէնքի սկզբունքներին ու տւեալներին եւ թէ ներկայ աշխարհի աշխարհաքաղաքական պայմաններին ու շահերին։

7) 100-ամեակի հասցէն ու թիրախը պէտք է դառնայ ցեղասպանը, ինչպէս նաեւ միջազգային համայնքը։ Այս շրջագծում Հայոց ցեղասպանութեան հարցի հետեւողական ու ծրագրւած կերպով արծարծումը, օտար եկեղեցիների ու կրօնների մօտ՝ մեր եկեղեցիների կողմից, պետական ու դիւանագիտական շրջանակների մօտ՝ Հայաստանի պետութեան կողմից, եւ ոչ-կառավարական կազմակերպութիւնների մօտ՝ կուսակցութիւների ու հայ դատի մարմինների կողմից նկատում ենք խիստ հրամայական։

8) Մեր պահանջատիրական պայքարը հանգրւանային եւ ուսումնասիրւած կերպով պէտք է փոխադրենք նաեւ Թուրքիա։ Այս ուղղութեամբ անհրաժեշտ է քրդական շարժումների, թուրք մտաւորականների որոշ շրջանակների ու իսլամացած հայերի հետ բարեկամական կապեր հաստատել՝ վերջին տարիներին այս ծիրում պատրաստւած ենթահողն աւելի ընդլայնելով ու ամրապնդելով։ Այս աշխատանքների ընթացքում հարկ է ուշադիր լինել, որ Թուրքիայի հայ համայնքին վնաս չպատճառեն թուրք ծայրայեղականները։

9) Անհրաժեշտ է շուտով սկսիլ Ցեղասպանութեան հետեւանքով մեր ժողովրդի կորցրած եկեղեցապատկան ու ազգապատկան կալւածների, ինչպէս նաեւ անհատական կալւածների ցանկագրմանը։ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն արդէն իսկ լայն չափով կատարել է իր եկեղեցապատկան կալւածների ցանկագրումը։ Այս աշխատանքը պէտք է կատարւի համահայկական մաշտապով եւ մասնագիտական մօտեցումով։

10) 100-ամեակի ծրագրերը պէտք չէ պատրաստւեն միայն հայութեան համար եւ իրագործւեն սոսկ հայկական նեղ շրջագծում։ Պէտք է բացւենք աշխարհին. մեր բողոքն ու պահանջը պէտք է զօրեղ կերպով լսելի դարձնենք մեր շրջապատին ու միջազգային համայնքին։ Այս անելու համար անհրաժեշտ է լայնօրէն ու ճիշդ կերպով օգտագործել ներկայ աշխարհի տեղեկատւական  ու հաղորդակցական ամենից ազդու միջոցները։

11) Հեռու պէտք է մնալ 100-ամեակը Հայ դատի աշխատանքների գագաթնակէտը նկատելու մօտեցումներից։ 100-ամեակը վճռական մի հանգրւան է միայն՝ իր արդար իրաւունքների վերատիրացման հայ ժողովրդի աննահանջ պայքարի մէջ։ Այն միաժամանակ սկիզբը պէտք է դառնայ Հայ դատի հետապնդման մարտավարական ու ռազմավարական նոր մտածելակերպերի ու գործելակերպերի, ինչպէս նաեւ մի մարտահրաւէր՝ նայելու 2015-ից այն կողմ…։ Այս հեռանկարով անհրաժեշտ է պատրաստւել 100-ամեակին։

12) Վերոնշեալ հսկայ ու բազմերես աշխատանքներն ենթադրում են նիւթական լայն կարելիութիւններ։ Հայաստանի պետութիւնը, որ միշտ մնում է իրաւատէրը Հայ դատի, մեր կառոյցներն եւ ունեւոր ազգայինները կոչւած են նիւթական անհրաժեշտ միջոցները հայթայթելու յիշեալ հսկայածաւալ ծրագրերի իրագործման համար։

 
ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
Անթիլիաս
9 ապրիլ 2014