Աղբիւր՝ www.asbarez.com

 

Շվէյցարիայի արդարադատութեան նախարարութիւնը Երկուշաբթի՝ Մարտ 17-ին հայց է ներկայացրել Մարդկային իրաւունքների եւրոպական ատեանին՝ «Փերինչէք ընդդէմ Շվէյցարիա» դատավճիռը ատեանի գերագոյն մարմնին՝ Մեծ պալատին փոխանցելու խնդրանքով:

Եւրոպական ատեանը անցեալ տարւայ Դեկտեմբեր 17-ին վճռել էր, թէ Շվէյցարիոյ դատարանները խախտել են Փերինչէքի խօսքի ազատութեան իրաւունքը, երբ նրան պատժել են Հայկական Ցեղասպանութիւնը ուրանալու համար:

Եւրոպական ուխտի 43-րդ եւ 44-րդ յօդուածների համաձայն՝ երեք ամսւայ ընթացքին կողմերը կարող են պահանջել, որ Եւրոպական ատեանի վճիռները վերանայւեն Մեծ պալատի կողմից: Այժմ, հինգ դատաւորներից բաղկացած յանձնախումբ պիտի կազմւի քննելու համար, թէ դիմումը յաւելեալ քննարկումի կարիք ունի՞: Դատաւորների դրական գնահատականից յետոյ, Մեծ պալատը կը սկսի քննելու հարցը, արձակելով վերջնական դատավճիռը: Եթէ բողոքարկման հայցը մերժւի, ապա Մարդկային իրաւանց եւրոպական ատեանի որոշումը կը դառնայ վերջնական ու կը փոխանցւի Եւրոխորհրդի նախարարների յանձնախմբին, որի պարտականութիւնն է վճռի կատարման վերահսկումը: Սովորաբար մի քանի ամիս տեւելու է հինգ դատաւորների յանձնախմբի քննարկումը: