Աղբիւր՝ www.asbarez.com
Բաւական դժւար է հասկնալ, թէ ինչ է անցնում դառնում Թուրքիոյ մէջ եւ ինչեր են խմորւում։ Երկու օրից ի վեր երկիրը հետեւում է բանտերից ազատ արձակւած ամբաստանեալների լուրերին։ Անցած շաբաթավերջին տեղի ունեցած սպայակոյտի նախկին նախագահ Իլքեր Պաշպուղի ազատ արձակմանը յաջորդեցին ուրիշ ազատ արձակումներ, որոնց մէջ կան «Էրկենեքոն»-ի ամբաստանեալները, ինչպէս նաեւ զանազան ոճիրների կապակցութեամբ ձերբակալւածներ։ Մինչ «Էրկենեքոն»-ի հարցով ձերբակալւածների ազատ արձակումը գոհունակութիւն էր ստեղծել որոշ շրջանակների մօտ, ոճրագործութեամբ ամբաստանւածների ազատ արձակումը ընդվզում էր պատճառել մանաւանդ զոհւածների ընտանիքներին։
Երկուշաբթի՝ Մարտ 10-ին, իրերայաջորդ կերպով բանտից ազատ արձակւեցին Դողու Փերինչէքը, լրագրող Թունջայ Էօզքանը, փաստաբան Քեմալ Քերինչսիզը, Իբրահիմ Շահինը, Ալփասլան Արսլանը, Հիքմեթ Չիչեքը, Եալչըն Քիւչիւքը եւ ուրիշներ։ Բոլորն էլ ազատ արձակւեցին՝ ձերբակալութեան հինգ տարիները լրացրած լինելու նոր օրէնքից օգտւելով։ Նախապէս, 10 տարի կարելի էր նման ամբաստանեալների բանտարկւած պահել՝ առանց նրանց դէմ վճիռ արձակելու։
Յիշեցնենք, թէ Թուրքիոյ յատուկ ուժերի ջոկատի նախկին փոխտնօրէն Իբրահիմ Շահինի տան խուզարկութեան ընթացքին յայտնաբերւել էին փաստաթղթեր, ըստ որոնց՝ Շահինը Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆեանի եւ այլոց դէմ մահափորձ էր նախապատրաստում:
Անշուշտ, ազատ արձակւածների դատավարութիւնը պիտի շարունակւի։ Նրանցից ոմանց պարագային երկրից դուրս գնալու արգելք է հռչակւել, իսկ ուրիշները նաեւ շաբաթը մէկ անգամ պէտք է ներկայանան ոստիկանատուն։
Զարմանալի է, որ դատարանները հինգ տարւայ ընթացքին չեն կարողացել վճիռ արձակել ամբաստանեալների մեղաւոր լինելու կամ անմեղութեան մասին։ Դատական աշխարհից ներս քաոս է տիրում Թուրքիոյ մէջ։ Դատական համակարգի հեղինակաւոր դէմքեր, օրէնքների եւ դատարանների կատարած գործերի մասին հակասական յայտարարութիւններ են կատարում։
Իր կարգին, ազատ արձակւած Դողու Փերինչէքը բանտից դուրս գալուց յետով խիստ յայտարարութիւններ է արել։ «Մեզ «Էրկենեքոն»-ի հարցով բանտարկեցին, որպէսզի Թուրքիան պառակտեն։ Եւ հիմա դուրս կը գանք, որպէսզի Թուրքիան դարձեալ միասնական դարձնենք։ Արմատախիլ պիտի անենք բոլոր համայնքներին ու աղանդներին», ասել է Փերինչէքը։
Ասւում է, թէ կառավարութիւնը, որը շատ տուժեց զեղծարարութեան գայթակղութիւնից, այս քայլով փորձում է սիրաշահել «Էրկենեքոն»-ի ու «Լախտի հարւած»-ի հարցերով ամբաստանեալների բարեկամութիւնը։
Օգտւելով նոր օրէնքից՝ անցեալ շաբաթ ազատ է արձակւել Հրանդ Դինքի սպանութեան կասկածեալներից Էրհան Թունջելը, ինչպէս նաեւ «Զիրվէ» հրատարակչատան մէջ գործւած սպանդի պատասխանատուները՝ ցաւ պատճառելով զոհերի ընտանիքներին։
Թուրքիան Հայոց ցեղասպանութեան մեղադրանքը թուրքերին ուղղւած անարգանք է համարել
Թուրքիայի ազգային խորհրդարանի նախագահն ասել է, որ այդ երկրին ուղղւած ցեղասպանութեան մեղադրանքը մի հասարակութեան ուղղւած մեծ անարգանք է համարւում:
Ըստ «Վորլդ Բուլտեն» լրատւական կայքէջի հաղորդման, Ջեմիլ Չիչեքը երեքշաբթի օրը Անկարայում Կանադայի խորհրդարանի նախագահ Անդրու Շիրի հետ հանդիպման ժամանակ աւելացրել է. «Թուրքիան պատրաստ է պատասխանելու թուրքերի միջոցով հայերի ցեղապանութեան կապակցութեամբ Հայաստանի կողմից ներկայացւած մեղադրանքներին»: