Աղբիւր՝ www.asbarez.com

 

Միջազգային մի շարք նշանաւոր հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջադրել Խաղաղութեան 2014-ի Նոբէլեան մրցանակի թեկնածութեան՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ թշնամութեան յաղթահարման իմաստով իր ունեցած զարմանալի խիզախութեան համար»։ Այս լուրը փոխանցել է «APA» լրատւական գործակալութիւնը:

«Խաղաղ գործընթացը չի կարող դուրս գալ փակուղուց, այդպիսով փխրուն խաղաղութիւնը միշտ կարող է վերածւել նոր պատերազմի: Միայն նշանաւոր մարդկանց ձայները կարող են խրախուսել երկու ազգերին՝ իրար քաջալերելու եւ, վերջապէս, համաձայնութիւն գոյացնելու: Պարոն Այլիսլին եղել է բաւական քաջ, որպէսզի այդ քայլը առնէր եւ ձեռքը մեկնէր հայերին: Եւ մենք համոզւած ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանելու նոյն ձեւով», «APAեի համաձայն՝ գրւած է Նոբէլեան մրցանակի յանձնաժողովին յղւած դիմումի մէջ:

Դիմումը ստորագրել են Սերգէյ Ապաշինը (Ռուսիա), Անդրէյ Պիթովը (Ռուսիա), Կրեկ Քալխունը (Բրիտանիա), Գէորգի Դերլուգեանը (Արաբական Միացեալ Էմիութիւններ), Ալեքսանդր Տոտորխոթովը (Ռուսիա), Քեւըն Հերրիսը (Միացեալ Նահանգներ), Ռուսլան Խեսթանովը (Ռուսիա), Միխայէլ Մայացկին (Զւիցերիա), Վլադիմիր Մալախովը (Ռուսիա), Նիքոլա Փլոթնիքովը (Գերմանիա), Թէոտոր Շենինը (Միացեալ Նահանգներ), Էնտրիւ Վախթըլը (Միացեալ Նահանգներ), Էմմանուէլ Վելլերշթայնը (Միացեալ Նահանգներ), Հասան Եուսէյնովը (Զուիցերիա):

Հասան Եուսէյնովը Ադրբեջանի Գրողների միութեան անդամ է, բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսօր, արւեստի վաստակաւոր գործիչ Չինկիզ Եուսէյնովի որդին է:

Աքրամ Նաիպովը (Այլիսլի) Ադրբեջանի ժողովրդական գրող (1998-ից) եւ արւեստի վաստակաւոր գործիչ է, Ադրբեջանի «Շոհրաթ» (1997) եւ «Իսթիկլալ» (2002) շքանշանների ասպետ։ «Քարէ Երազներ» վէպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանօրէն նկարագրել է Ադրբեջանի մէջ անցեալ դարասկիզբին՝ 1918-ին, Նախիջեւանի՝ Ագուլիսի մէջ, եւ 1988-1990 թւականներին Սումգայիթի եւ Բաքւի մէջ կատարւած հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագութիւնները: Վէպը 2012-ի Դեկտեմբերին հրապարակւել է ռուսական «Տրուժպա Նարոտով» հանդէսում: