Աղբիւր՝ www.yerkirmedia.am - www.yerkirmedia.am
Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ապրիլի 24-ը յայտարարել է Հայոց ցեղասպանութեան յիշատակի ազգային օր: Այս մասին նա յայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամեայ ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտէ, թէ ինչպէս առերեսւել պատմութեանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգւածային սպանութիւններն անւանեց ցեղասպութիւն և 2001թ. ճանաչեց օրէնքի ուժով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա աւելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելու գործընթացն աւարտին կը հասցւի առաջիկայ շաբաթների ընթացքում:
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի հրաւիրած ընթրիքին Մակրոնը նաև յարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնեէ Շառլ Ազնաւուրի յիշատակին:
Թուրքիայի նախագահի խօսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելու վերաբերեալ նախագահ Էմանուէլ Մակրոնի յայտարարութեանը:
Այս մասին յայտնում է թուրքական «Անադոլու» լրատւական գործակալութիւնը:
Քալընը Հայոց ցեղասպանութեան մասին Մակրոնի պնդումները որակել է որպէս քաղաքական սուտ: «Խստօրէն դատապարտում ենք ապրիլի 24-ն այսպէս կոչւած «Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր» հռչակելու վերաբերեալ Մակրոնի յայտարարութիւնը»,- ասել է Էրդողանի խօսնակը: Քալընը շարունակելով թուրքական ժխտողական գիծը՝ Մակրոնին մեղադրել է պատմական իրադարձութիւնները քաղաքական նպատակներով գործիք դարձնելու մէջ: