Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը համալրւեց Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ արժէքաւոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերւել Վատիկանի գաղտնի արխիւներից: Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանի աջակցութեամբ եւ իտալահայ գործարար Արթուր Ասատրեանի միջոցներով ձեռք բերւած փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին յանձնւեցին Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին:
Փաստաթղթերը Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանին յանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Յակոբեանը:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանը նշեց, որ փաստաթղթերը դեռ պէտք է ուսումնասիրւեն, սակայն նկատեց, որ դրանցում Հայոց ցեղասպանութեան տարիներին Օսմանեան Կայսրութիւնում աշխատող Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են: «Այսինքն, խօսքն այդ տարիներին Օսմանեան Կայսրութիւնում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպէս առաջին հայեացքից հասկացայ, դիւանագիտական գրագրութիւններ են, կան ինչպէս ձեռագիր, այնպէս էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժէքաւոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում: Առաջիկայում մենք մանրամասն կուսումնասիրենք դրանք»,- մանրամասնեց Սուրէն Մանուկեանը` ընդգծելով, որ փաստաթղթերը 1914-1917թթ. ընկած ժամանակահատւածում Օսմանեան Կայսրութիւնում կատարւած իրադարձութիւնների վերաբերեալ են: