Աղբիւր՝ www.yerkir.am
Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ Թուրքիայի «Մարդու իրաւունքների միութիւնը» (ՄԻՄ-İHD) հանդէս է եկել գրաւոր յայտարարութեամբ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ` յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Համաձայն Ստամբուլի Հայոց պատրիարքարանի տւեալների` Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանեան կայսրութիւնում շուրջ 2 մլն հայ էր բնակւում: Արեւմուտքից մինչեւ արեւելք, հիւսիսից` հարաւ, այսինքն` Փոքր Ասիայի ամէն մի անկիւնում 2.925 հայկական բնակավայր կար` քաղաքներ, գիւղեր, աւաններ: Այդ բնակավայրերում բնակւող հայ համայնքն ունէր 1.996 դպրոց, 173.000 աշակերտ, 2.538 եկեղեցի ու վանական համալիր: 1915թ. սկսւած Ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ, իսկ այնուհետեւ` հանրապետական գործիչների վարած քաղաքականութեան արդիւնքում այդ բնակավայրերից ոչ մէկը կանգուն չմնաց: Իսկ կանգուն մնացածներն էլ արդէն հայկական բնակավայրեր չեն: Ենթադրաբար շուրջ 60.000 հոգուց բաղկացած ներկայիս հայ համայնքը կենտրոնացւած է հիմնականում երեք խոշոր քաղաքներում, իսկ ամենաշատը` Ստամբուլում:
Պետութիւնը չսահմանափակւեց` հայերին վերացնելով: Ոչնչացւեցին նաեւ հայերի թողած հետքերը: Այսօր նախկին հայաբնակ վայրերում նրանց հետքերը չէք կարող գտնել: Եկեղեցիները ենթարկւել են ոչ միայն բնութեան տարերքների կործանիչ ազդեցութեանը, այլեւ ռմբակոծւել, պայթեցւել են: Անատոլիայում եղած դպրոցներից ոչ մէկն այլեւս գոյութիւն չունի: Ցեղասպանութեան ընթացքում միայն մարդիկ չեն համատարած ոչնչացւել, նրանց դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները, վանական համալիրները, աշխատավայրերն ու բոլոր հասարակական կառոյցներն են ոչնչացւել:
Ցեղասպանութիւնը միայն սոսկալի կոտորածներից, դիերով լցւած գետերից, մասնատւած մարդկային մարմիններով լի ձորերի տեսարաններից չի բաղկացած: Ցեղասպանութիւնը մահւանը նախապատւութիւն տալն է, դա այն է, երբ մահը միայն փրկութիւն է, դա մի սարսափելի աքսոր է, որի ընթացքում մարդը դադարում է մարդ լինելուց: Եւ այդ ճանապարհին` յարձակումներ, սով, հիւանդութիւններ ու բռնաբարութիւններ: Դա սերնդէսերունդ փոխանցւող խոր ու անբուժելի ցաւ է, աննկարագրելի ու աններելի մի ողբերգութիւն»:
Կազմակերպութիւնն իր յայտարարութեան մէջ յիշեցնում է նաեւ, որ Ցեղասպանութեան ընթացքում ոչ միայն ոչնչացւել են հայերն ու նրանց մշակոյթը, այլեւ ոճրագործները իւրացրել են հայերի ողջ ունեցւածքը` կանխիկ գումարները, թանկարժէք իրերը, գոյքը եւ անգամ` բանկային հաշիւները:
Ըստ ՄԻՄ-ի կատարած հաշւարկների` 1915թ. հայերից կողոպտւած գոյքի ընդհանուր արժէքը կազմում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ` մեծ թւով քրիստոնեաներ այն ժամանակ ֆրանսիական եւ ամերիկեան ընկերութիւններում ունեցել են կեանքի ապահովագրութիւններ: Դրանց ընդհանուր արժողութիւնը, ըստ հաշւարկների, գերազանցել է 20 մլն ԱՄՆ դոլարը: Այն ժամանակւայ օսմանեան կառավարութիւնը յայտեր է ներկայացրել վերոնշեալ կազմակերպութիւններին` տեղեկացնելով, որ այդ մարդիկ մահացել են, իսկ ժառանգներ նրանք չունեն, եւ պահանջել օսմանեան գանձարանին փոխանցել այդ ապահովագրութեան գումարները:
«Արդէն 102-րդ տարին է` Հայոց ցեղասպանութիւնը հերքւում է: Հերքելը միայն «Ես չեմ արել» ասելը չէ: Հերքում է նաեւ այն, որ յայտարարւում է. «Արել ենք, քանի որ նրանք դրան արժանի էին»:
«Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի օրը` 2017թ. Ապրիլի 24-ին, մենք` «Մարդու իրաւունքների միութեան» բոլոր ներկայացուցիչներս, միաձայն եւ միաժամանակ ողջ ուժով բարձրաձայնում ենք. «ԲԱՒԱԿԱՆ Է ԱՐԴԷՆ: ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ»,- ասւած է յայտարարութեան մէջ: