Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հանդէս է եկել Չեխիայի հայութեանն ու ողջ հայ ժողովրդին ուղղւած ցաւակցական նամակով` Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ:
Չեխիայի հայերի հոգեւոր հովիւ Բարսեղ վարդապետ Փիլաւչեանին Ապրիլի 24-ին ուղղւած նամակում, որը հրապարակւած է Չեխիայի նախագահի պաշտօնական կայքում, Զեմանն ի մասնաւորի նշել է․«Անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցեալ տարի յունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի եւ նախագահ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագութիւնները որակեցի ցեղասպանութիւն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձութիւնները վատթարագոյն վայրագութիւններից մէկն էր, որին մարդկութիւնը արդի ժամանակներում ականատես է եղել»:
Չեխիայի նախագահի կարծիքով, թէեւ պատմութիւնը չպէտք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, չի կարելի չյիշել այն իրադարձութիւնները, որոնք «ոչ միայն խլեցին 1,5 միլիոն անմեղ մարդկանց կեանքը, եւ պատմութեան մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:
Ամփոփելով նամակը` Զեմանն արձանագրում է «Թոյլ տւէք․․․ Հայաստանում կատարւած զանգւածային կոտորածների կապակցութեամբ Ձեր միջոցով իմ խորին ցաւակցութիւնները յայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետութեան բազմանդամ հայ համայնքին, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»: