Աղբիւր՝ www.armenianchurch.org
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգութիւնն է արտայայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչէքի գործով ընդդէմ Շւէյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնը նամակ է յղել Շւէյցարիայի Համադաշնութեան նախագահ Դիդիեր Բուրխալտերին` յանուն Հայ Եկեղեցու եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդի ընդվզում յայտնելով (ՄԻԵԴ) վնասակար որոշման դէմ, որը սպառնալիք է ցեղասպանութիւնների պարագային արդարութեան վերականգնման եւ ազգերի միջեւ խաղաղութեան ու փոխադարձ յարգանքի հաստատման համար: Զօրակցութիւն յայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շւէյցարիայի կառավարութեանը` մասնաւորապէս Արդարադատութեան նախարարութեանը, յորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տէր մարդկանց եւ պետութիւններին` այս առնչութեամբ իրենց կեցւածքն արտայայտելու Ցեղասպանութեան մերժողականութեան դէմ` յանուն խտրականութեան ու անհանդուրժողականութեան վերացման և ընդդէմ մարդկութեան յանցագործութիւնների կանխման:
Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը պաշտօնական գրութիւն է յղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխաւոր քարտուղար Վեր. դոկտ. Օլաւ Թւայթին` յորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդէմ աղէտաբեր այս վճռի` ի պաշտպանութիւն Շւէյցարիայի, ինչպէս նաեւ Կաթոլիկ Եկեղեցու Շւէյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բիւխելին: