Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայոց ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմից ստացւած շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասոյթը կուղղւի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրաւունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Այս մասին յայտնում է Daily News-ը:
«Մարդու իրաւունքների «խոստումը» ինստիտուտը մեր իրաւունքի դպրոցն ու այս համալսարանը կը դարձնի մարդու իրաւունքների կրթութեան առաջամարտիկ»,- նշել է իրաւունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը: Նա ընդգծել է, որ 20 մլն ԱՄՆ դոլարն ամենամեծ նւիրատւութիւնն է, որ իրաւունքի դպրոցը երբեւէ ստացել է ինստիտուտ ստեղծելու համար:
«Շատ մարդկանց Հայոց ցեղասպանութիւնը յայտնի չէ: 102 տարի մշտական ժխտման արշաւ է եղել: Մենք յուսով ենք, որ Հայոց ցեղասպանութեան հարցում առկայ մութը ցրելով` կարող ենք շարժւել առաջ եւ իսկապէս առաջատար լինել մարդու իրաւունքների հարցում կրթութեան, ուսումնասիրութիւնների, քարոզի եւ կրթաթոշակների գործում»,- նշել է «Խոստումը» ֆիլմի պրոդիւսեր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի մարսողական հիւանդութիւնների բաժնի համաղեկավար Էրիկ Էսրաիլեանը:
Նոր ինստիտուտի առաջին տնօրէնը լինելու է իրաւունքի պրոֆեսոր Ասլի Բալին:
«Հայերը միայն սեփական պատմութեան վրայ կենտրոնացած չեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր պատմութիւնից դասեր քաղեն, որ միւսներն այդ գիտելիքներից օգուտ ունենան»,- նշել Էսրաիլեանը:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենայ ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կը ցուցադրւի ապրիլի 27-ից: