Աղբիւր՝ www.yerakouyn.com
Մեծ Բրիտանիոյ Հայ դատի յանձնախումբը հրատարակելու է Մեծ Բրիտանիոյ թագուհու խորհրդական, պրոֆեսոր Ջէֆրի Ռոբրթսոնի գիրքը՝ Հայոց ցեղասպանութեան մասին, որտեղ հեղինակը քննադատում է Մեծ Բրիտանիոյ ժխտողական դիրքորոշումը: Այս մասին, տեղեկացրել է Մեծ Բրիտանիոյ Հայ դատի յանձնախմբի ղեկավար Սեւան Արթինը:
Վերջինիս տեղեկութիւններով՝ «Արդեօ՞ք տեղի ունեցել է Հայոց ցեղասպանութիւն. օրէնքը եւ հետեւանքները» անունով գիրքը պատրաստ կը լինի ընթացիկ տարւայ Ապրիլին: «Մեծ Բրիտանիոյ Հայ դատի յանձնախումբն ունի իր ծրագրերը, որոնցից մէկը Հայոց ցեղասպանութեան մասին բրիտանացի իրաւագէտ, մարդու իրաւունքների պաշպանութեան ոլորտում միջազգային փորձագէտի կողմից 300 էջ կազմող գրքի տպելն է: Այդ գրքում յստակ նշւում է, որ հայոց ցեղասպանութիւն տեղի է ունեցել եւ յատկապէս քննադատում է Անգլիոյ դիրքորոշումը այդ հարցի գծով»,- ասել է Սեւան Արթինը:
Նա կարեւոր է համարել Ջէֆրի Ռոբրթսոնի հայամէտ կողմնորոշումը, մանաւանդ որ նա թագուհու յատուկ խորհրդականների խմբի անդամ է: «Գրքի շնորհանդէսը կատարելու ենք, որի ընթացքում պարոն Ջէֆրին խօսելու եւ խորհրդարանի անդամներին բացատրելու է, որ Հայոց ցեղասպանութիւնը եղել եւ որ բրիտանական պետութիւնը մերժում է դրա ընդունումը»,- ընդգծել է Մեծ Բրիտանիոյ Հայ դատի յանձնախմբի ղեկավարը:
Սեւան Արթինի խօսքով` Հայ դատի յանձնախումբն իր մարդուժը տրամադրել է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով ձեւաւորւած կենտրոնական յանձնախմբին, որ բաղկացած է Անգլիայում գտնւող հայկական տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչներից: «Յանձնախումբն ունի տարբեր ծրագրեր, որոնք կենտրոնացել են 2015 թւականի վրայ: Ծրագիրը շուտով պէտք է պաշտօնապէս յայտարարւի, որի մէջ, անշուշտ, կը լինեն մշակութային, քաղաքական մօտեցումներ»,- նշել է նա:
Անդրադառնալով այն հարցին, թէ բրիտանական հասարակութիւնը որքան տեղեկացւած է Հայոց ցեղասպանութեան մասին ու ինչ դիրքորոշում ունի, Սեւան Արթինն ասել է, որ մեծ մասամբ տեղեկացւած են, բայց Հայ դատի յանձնախմբի համար առաւել կարեւոր է Մեծ Բրիտանիոյ արտաքին գործոց նախարարութեան հետ աշխատանքը: «Տեղեկացւած են` հակառակ նրա, որ մեդիայի մէջ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նիւթերը շատ չեն, թերթերը շատ աւելի քիչ են գրում: Բայց մեզ համար առաւել կարեւոր է Անգլիայում արտաքին գործոց նախարարութեան հետ տարւող աշխատանքը: Մեր թիրախը նրանք են, եւ մեր քայլերի մեծ մասն ուղղել ենք նրանց հետ աշխատանքի իրականացման»,- ընդգծել է Սեւան Արթինը:
Ջէֆրի Ռոբրթսոնը թագաւորական իրաւաբան է 1988 թւականից ի վեր: 2009 թւականին հեղինակել է «Եղե՞լ է Հայոց ցեղասպանութիւն» յօդւածը: Ռոբրթսոնը հեղինակն է «Մարդկութեան դէմ յանցագործութիւններ. պայքար համընդհանուր արդարութեան համար» գրքի, որտեղ վերլուծւում է մարդու իրաւունքների միջազգային չափանիշների կիրառումն ու զարգացումը եւ սկսում է Հիթլերի` Հայոց ցեղասպանութիւնը մոռցւած իրողութիւն որակող մէջբերումով: «Իմ կարծիքով, երբ օրէնքը համադրւում է փաստերի հետ, դա անխուսափելի եզրահանգման է բերում, որ 1915 թւականի հայերի հանդէպ ցուցաբերւած վերաբերմունքը համապատասխան է ցեղասպանութիւն նկարագրութեան»,- ասել է Ռոբրթսոն: