Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայոց ցեղասպանութիւնն ուսումնասիրող գիտնականները բաց նամակ են յղել Շւէյցարիայի Արդարադատութեան եւ ոստիկանութեան դաշնային դեպարտամենտի նախագահ Սիմոնետա Սոմարուգային` յորդորելով բողոքարկել «Դողու Փերինչեքն ընդդէմ Շւէյցարիայի» գործով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավճիռը: Գիտնականներն ընդգծում են. «Դատավճիռը կայացւել է պատմական ու հայեցակարգային սխալներով»: Վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, ցեղասպանագէտները հաւաստում են, որ այդ սխալները բարոյական եւ սոցիալական լուրջ նշանակութիւն ունեն: «Հարցը չենք դիտարկում խօսքի ազատութեան տեսակէտից, որը, գիտնականների միասնական կարծիքով, բաց, ժողովրդավարական հասարակութեան կարեւոր մասն է: Մեզ մտահոգում են դատարանի բերած փաստարկների տարրերը, որոնք հակասում են 1915 թւականի Հայոց ցեղասպանութեան պատմական փաստերին եւ ժխտողականութեան բարոյական ընկալմանը»,- ասւում է նամակում:

ՄԻԵԴ-ը կասկածի տակ էր առել, որ 1915-ի իրադարձութիւնների վերաբերեալ կարող է ընդհանուր համաձայնութիւն լինել եւ Հայոց ցեղասպանութեան շուրջ ընթացող քաղաքական իրավիճակը անւանել «թեժ բանավէճ»: Նամակի հեղինակները հակադարձում են, որ ցեղասպանագէտների գերակշռող հատւածը յանգել է եզրակացութեան` Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային սպանութիւնները համընկնում են ցեղասպանութիւնը սահմանող ՄԱԿ-ի փաստաթղթի թիւ 2 յօդւածի բոլոր դրոյթների հետ: Որպէս ապացոյց` նրանք վկայակոչում են 1997-ին Ցեղասպանութիւնների հետազօտման միջազգային ասոցիացիայի (IAGS) ընդունած բանաձեւը, Արդարադատութեան հարցերի միջազգային կենտրոնի (ICTJ) 2003 թւականի վերլուծութիւնը եւ այլ փաստաթղթեր, ուր 1915 թւականի հայերի կոտորածները միաձայն ճանաչւել են որպէս ցեղասպանութիւն:

Նամակը ստորագրել են Հայոց ցեղասպանութեան եւ Հոլոքոսթի համաշխարհային ճանաչում ունեցող յայտնի մասնագէտներ Թաներ Աքչամը, Մարգարէտ Լաւինիան, Ջոյս Ափսելը, Յաիր Աուրոնը, Պիտեր Բալաքեանը, Աննեթ Բեքերը, Մատիաս Բյորնլունդը, Դոնալդ Բլոքսհեմը, Համիդ Բոզարսլանը, Քեթի Քարուն, Ֆրանկ Չալկը, Իսրայել Չարնին, Դեբորա Դվորկը, Էլեն Ֆեյնը, Մարչելո Ֆլորեսը, Դոննա Լի Ֆրեյզեն, Վոլֆգանգ Գուստը, Հերբերտ Գիրշը, Մարիաննա Գիրշը, Թեսա Հոֆմանը, Ռիչարդ Հովհաննիսեանը, Ռայմոնդ Կեւորկեանը, Հանս-Լուկաս Կայզերը, Մարկ Լեվենը, Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը, Դեբորա Լիփստադը, Վենդի Լոուերը, Ռոբերտ Մելսոնը, Դոնալդ Միլլերը, Ա. Դիրք Մոզեսը, Ջեյմս Ռասսելը, Ռոջեր Սմիթը, Լեո Սպիցերը, Գրեգորի Սթենթոնը, Իվ Թերնոնը, Անրի Թերիլոն, Էրիկ Վեյցը:

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը բաւարարել է Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու համար շւէյցարական դատարանի կողմից մեղաւոր ճանաչւած քաղաքական գործիչ, Աշխատաւորական կուսակցութեան առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թւականին շւէյցարական դատարանը Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսւայ ազատազրկման, այնուհետեւ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եւրոդատարանը Դողուի հայցի բաւարարումը հիմնաւորել է նրանով, որ շւէյցարական դատարանը խախտել է Եւրոպական կոնւենցիայի խօսքի ազատութեան վերաբերեալ 10-րդ եւ 7-րդ յօդւածները: