Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայոց ցեղասպանութեան թեման կրկին յայտնւել է Ֆրանսիայի քաղաքական-նախընտրական օրակարգում: Դրա հիմնական պատճառ է հանդիսացել նորաստեղծ En Marche! շարժման առաջնորդ, Ֆրանսիայի տնտեսութեան, արդիւնաբերութեան ու թւայնացման նախկին նախարար եւ ներկայում արդէն նախագահի թեկնածու Էմանուիլ Մակրօնի արած յայտարարութիւնը: Ալժիր կատարած այցի ընթացքում Echourouk News-ին տւած հարցազրոյցում Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ալժիրում Ֆրանսիայի գաղութատիրութեան տարիները բնորոշել է որպէս «մարդկութեան դէմ յանցագործութիւն»:
Նման յայտարարութիւնը բուռն արձագանքի է արժանացել ֆրանսիացի քաղաքական գործիչների կողմից: Մասնաւորապէս, նախագահի մէկ այլ թեկնածու` Հանրապետականների առաջնորդ Ֆրանսուա Ֆիյոնը Մակրօնին մեղադրել է սեփական պատմութեան հանդէպ անյարգալից վերաբերմունք ցուցաբերելու մէջ: Մակրօնի յայտարարութեանն արձագանքել է նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատագամաւոր Վալերի Բուայեն:
«Մակրօնը հաւասարեցնում է Շոայի, Հայոց ցեղասպանութեան եւ Ալժիրի զոհերին եւ վիրաւորում Ֆրանսիան` ցոյց տալով, որ դա պետական գործչի արարք չէ»,- «Թւիթերի» իր միկրոբլոգում գրել է Բուայեն:
Պատասխանելով քննադատութիւններին` Մակրօնը նշել է, որ մարդկութեան դէմ յանցագործութիւն ասելով` չի ցանկացել «համեմատել Շոան կամ Հայոց ցեղասպանութիւնը այն ամէնի հետ, ինչ կատարւել է Ալժիրում պատերազմի տարիներին»: