Աղբիւր՝ www.yerkir.am
Անկարայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն յայտարարել է, որ իրենց յաջողւել է խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական պետական Anadolu լրատւական գործակալութեան տեղեկացմամբ` 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունւած` Ցեղասպանութեան մասին բանաձեւը թուրքական կողմի ջանքերով չեղարկւել է:
Քութլուի խօսքով` Լատինական Ամերիկայում 2009 թ. հիմնւած թուրքական LAMER կենտրոնն ակտիւ գործունէութիւն է ծաւալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կանխելու նպատակով: Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող եւ Ցեղասպանութիւնը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստւում է գիտաժողով կազմակերպել նաեւ Բրազիլիայի Սան Պաուլօ քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կայ: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարեւոր պաշտօններ:
Նշենք, որ Լատինական Ամերիկայի երկրներից Ուրուգւայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիւիան, Բրազիլիան եւ Պարագւայը ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը: