Աղբիւր՝ www.yerkir.am
Եգիպտոսի խորհրդարանը պատրաստւում է 1915 թւականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձեւը ներառել օրակարգում: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին տեղեկացրել է Եգիպտոսում Հայ Դատի յանձնախմբի ղեկավար Արմէն Մազլումեանը: Ըստ նրա` այս մասին օրերս Եգիպտոսում գտնւող եւրոպական պատւիրակութեան հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամաւոր Մուսթաֆա Պաքրին:
«Մուսթաֆա Պաքրին պատւիրակութեան անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Եգիպտոսի խորհրդարանի կեցւածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած հայոց կոտորածը դատապարտող բանաձեւը պատրաստւում են ներկայացնել քւէարկութեան: Նա հաստատել է, որ դա «ամօթի խարան» է Թուրքիայի ճակատին, եւ բոլոր կառավարութիւնները եւս պէտք է դատապարտեն այդ անմարդկային կոտորածը»,- ասաց Արմէն Մազլումեանը:
Պաքրին նշել է, որ եգիպտական խորհրդարանի անդամները ստորագրահաւաք են կազմակերպել, եւ 337 պատգամաւոր հաւանութիւն է տւել Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման նախաձեռնութեանը` վստահութիւն յայտնելով, որ քւէարկութիւնը կը կատարւի բանաձեւի օգտին: Եգիպտացի պատգամաւորը միաժամանակ դատապարտել է արաբական պետութիւնների կեցւածքը Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ`նշելով, որ մինչ այժմ միայն Լիբանանն է ճանաչել: