Աղբիւր՝ www.yerkir.am
«Անատոլիան ականատեսն է ապրիլի 24-ին հայերի հետ կատարւածին շատ նման զարգացումների: Այս անգամ ոչ թէ հայ քաղաքական գործիչներն ու մտաւորականներն են իրենց տներում յարձակման ենթարկւում ու ձերբակալւում, այլ քրդերը:
Քուրդ քաղաքական առաջնորդների դէմ նման գործողութիւններն անխուսափելի էին, յատկապէս երբ պետութեան գեների մէջ ներծծւած մասնատման վախին գումարւում է Էրդողանի զայրոյթը», - գրում է թուրքական «haberdar.com» թերթի սիւնակագիր Էրգիւն Բաբահանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայի կառավարութիւնը միաւորւել է քրդերի դէմ: Ընդ որում, կառավարութիւն ասելով, տւեալ դէպքում պէտք է հասկանալ ոչ միայն Էրդողանին եւ նրա «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը (ԱԶԿ-AKP), այլեւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀԿ-CHP), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) եւ «Հայրենիք» կուսակցութիւնները, որոնք յանուն քրդերից ազատւելու պատրաստ են թէկուզ ժամանակաւորապէս միաւորւել ԱԶԿ-ի հետ:
«Պատմութեան այս փուլում քրդերի վիճակը սուննի մուսուլմանների դէմ միայնակ մնացած հայերի վիճակից չի տարբերւում:
Թուրքիայում ամէն օր սաստկացող ֆաշիզմին Եւրամիութեան եւ Ամերիկայի արձագանքը շատ թոյլ է: Չնայած ողջ մարդասիրական պաթոսին` Արեւմուտքը գերադասում է իր սեփական շահը եւ նախընտրում է Թուրքիայում կատարւող դէպքերին նայել հանդիսատեսի դիրքից»:
Բաբահանը նկատել է տալիս, որ հակառակ դէպքում Էրդողանը կարող է իրագործել իր սպառնալիքը եւ միլիոնաւոր սիրիացիներին ուղարկել Եւրոպա` տակնուվրայ անելով ողջ աշխարհը:
Հեղինակի խօսքերով` երբ Անատոլիայի հնագոյն ազգը իրենց հողերից արմատախիլ էր արւում, Օսմանեան պետութեան դաշնակիցը Գերմանիան էր, իսկ այսօր Ռուսաստանն է:
«Գուցէ հիմա դէպի սիրիական անապատներ ձգւող քարաւաններ, ժայռերին նետւելով սպանւող նորածիններ չկան, բայց մերօրեայ պայմաններում շատ անիմաստ եւ անըմբռնելի ողբերգութիւն է տեղի ունենում»:
Բաբահանը ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ այսօր փորձ է արւում քրդերին զրկել ինքնութիւնից, սուննիացնել:
«Հայերին այս հողերից արմատախիլ արած պետութիւնը վստահ է, որ իր այս նպատակին էլ հաստատ կը հասնի: Նա համոզւած է` անցեալում արել եմ, էլի կանեմ»:
«Այսօր Անատոլիան կրկին ողբերգութեան շեմին է: Նա կամ կրկին անգամ ականատեսը կը լինի 1915թ. նման արիւնոտ իրադարձութիւնների, կամ, միութիւնն ու միասնականութիւնը, կորցնելով կը մասնատւի», - եզրափակում է հեղինակը: