Աղբիւր՝ www.yerkir.am
Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրաւորել եւ սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամաւորներ Ջեմ Օզդեմիրին եւ Սեւիմ Դաղդելենին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կանաչների կուսակցութեան համանախագահ Օզդեմիրը եւ Ձախերի կուսակցութիւնը ներկայացնող Դաղդելենը, ըստ Deutsche Welle գերմանական լրատւականի թուրքական ծառայութեան, Հայոց ցեղասպանութեան բանաձեւի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելութեան եւ վիրաւորանքների թիրախ են դարձել:
Նշւում է, որ վիրաւորանք հասցնող թուրքերից մէկը տուգանւել է 600, միւսը` 700 եւրոյով:
Պատգամաւոր Դաղդելեն ողջունել է դատարանի այդ որոշումը եւ յոյս յայտնել, որ դա զսպող ազդեցութիւն կունենայ: Պատգամաւորն ընդգծել է, որ, բացի վիրաւորանքներից, եղել են նաեւ բռնութեան եւ մահւան սպառնալիքներ, որոնք նոյնպէս պէտք է չէզոքացնել:
Ջեմ Օզդեմիրը դրական է գնահատել, որ վիրաւորանքը եւ սպառնալիքը պատժելի արարք են դիտւել դատարանի կողմից:
Յիշեցնենք, որ յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ էր ընդունել: Բանաձեւի համահեղինակն էր ազգութեամբ թուրք պատգամաւոր Ջեմ Օզդեմիրը: Բանաձեւն ընդունւել էր գրեթէ միաձայն: Կողմ էին քւէարկել նաեւ Բունդեսթագի` ազգութեամբ թուրք 11 պատգամաւորները: