Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնը Բելգիայում Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու անհրաժեշտութիւն է տեսնում: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանի հետ հանդիպումից յետոյ լրագրողների հետ հանդիպմանը Բելգիայի Սենատի նախագահը նշեց, որ Բելգիայի խորհրդարանը եւրոպական խորհրդարանների մէջ առաջիններից մէկն էր, որ 1998թ. ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող ուժեղ մի բանաձեւ:
«Եւ մենք նոյնիսկ քայլեր արեցինք աւելի առաջ գնալու եւ Ցեղասպանութեան ժխտման համար քրէական պատասխանատւութիւն սահմանելու: Մենք բաւականին վաղ սկսեցինք աշխատել այդ ուղղութեամբ: Հայոց ցեղասպանութեան ժխտումը պէտք է գնահատւի որպէս յանցագործութիւն: Այն ժամանակ մենք չհասանք մեր նպատակին, բայց ես կարծում եմ, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի ընդունմամբ մենք կը հասնենք մեր նպատակի իրագործմանը»,- ասաց Դըֆրեյնը:
Նա յաւելեց, որ խօսքն այն մասին չէ, որ խորհրդարաններն են թելադրելու պատմութիւնը, այլ ուղղակի անհրաժեշտ է պատմութիւնը փոխանցել նոր սերունդներին, որպէսզի մէկընդմիշտ դատապարտւեն ցեղասպանութեան բոլոր ակտերը:
«Մեր երկրները պէտք է գնան դէպի ապագայ: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդները ունեն միանման արժէքներ, եւ ես կարծում եմ, որ մենք միասին կարող ենք շարունակել այդ ճանապարհը»,- յաւելեց Բելգիայի Սենատի նախագահը:
Քրիսատին Դըֆրեյնը նշեց, որ Եւրոպայի դռները Հայաստանի առաջ միշտ բաց են:
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնւում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում, սակայն պէտք է ասեմ, որ Եւրոպայի դռները միշտ բաց են բանակցութիւնների, ցանկացած ոլորտում աշխատանքի եւ միասնական զարգացման համար: Բելգիան ջանքեր չի խնայելու`սատարել Հայաստանին իր որոշումների մէջ»,- եզրափակեց նա: