Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վաշինգտոնում անցկացւած խորհրդաժողովի ժամանակ Թուրքիայի հայազգի խորհրդարանական, դեմոկրատական-ժողովրդական կուսակցութեան անդամ Գարօ Փայլանը խօսել է Հայոց ցեղասպանութեան, Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի մասին:
«Այսօրւայ Թուրքիայում ստեղծւած իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ նախորդ դարի սկիզբ` Հայոց ցեղասպանութեանը նախորդած իրավիճակին: Հայերը նախկինում կազմել են Թուրքիայի բնակչութեան 20 տոկոսը, այսօր մենք 0.1 տոկոսից էլ քիչ ենք: Մենք ցեղասպանութիւն ենք վերապրել, եւ ես ծնւել եմ ցեղասպանութիւն վերապրած ընտանիքում»,-հաղորդմամբ` ասել է պատգամաւորը:
Նա զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանութեան եւ այժմ Թուրքիայում քրդերի դէմ իրականացւող գործողութիւնների միջեւ:
«100 տարի առաջ հայերն էին ոչնչացւում, եւ նոյն անմարդկային գաղափարախօսութիւնը շրջւել է քրդերի եւ բոլոր դեմոկրատների դէմ: Արդիւնքում, այսօր Էրդողանը մեղադրանքներ է ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են եւ նրանց «ահաբեկիչ» է անւանում: Էրդողանի խօսքով` նա շարունակելու է այդ պատերազմը` մինչեւ չոչնչացւի վերջին ահաբեկիչը: Դրա պատճառով իւրաքանչիւր օր 30-40 մարդ է զոհւում»,- ընդգծել է նա: