Աղբիւր՝ www.yerkir.am
Հայոց ցեղասպանութեան` դեռեւս շարունակւող համաշխարհային, ազգային, համայնքային եւ անհատական հետեւանքների հարցում յարատեւ լուծումներ գտնելու նպատակով ստեղծւել է Արդարութեան եւ մարդու իրաւունքների հայկական կենտրոն: Այս կենտրոնի բացման մասին այսօր լրագրողներին տեղեկացրեցին կենտրոնի վարչութեան նախագահ Քէնեթ Խաչիկեանը եւ կենտրոնի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրo Մանոյեանը:
Նշենք, որ կենտրոնը ազգային եւ միջազգային ատեանների եւ հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանութեան արդարացի լուծմանը եւ պաշտպանել Արցախի անկախութեան իրաւունքը: ՀԻԿ-ը ջանալու է համակարգել մարդու իրաւունքների խախտումներին առնչւող հարցերը, յայտնաբերել հնարաւոր հայցւորներին, հետաքննել խախտումները եւ հաւաքել անհրաժեշտ ապացոյցներ:
«ՀԻԿ-ն ակնկալում է աշխարհի հայ համայնքների բոլոր հատուածների հետ միասնաբար աշխատել` անդրադառնալու Թուրքիայի Հանրապետութեան եւ այլոց պատասխանատւութեանը, Հայոց ցեղասպանութեան աշխարհաքաղաքական, տարածքային եւ մակրոտնտեսական հետեւանքներին, ԼՂՀ ապագային վերաբերող հարցերին»,- ասաց ՀԻԿ վարչութեան նախագահ Քէնեթ Խաչիկեանը:
Կենտրոնը, միջազգային իրաւական գործունէութեանը զուգահեռ, ուշադրութիւնը սեւեռելու է Ցեղասպանութեան ընթացքում յափշտակւած կամ բռնագրաււած հաւաքական գոյքի եւ այլ ունեցւածքի վրայ, որոնց թւում` եկեղեցիների, կրօնական վայրերի, հաստատութիւնների, դպրոցների, թանգարանների, մշակոյթի գործերի, մշակութային արժէքների, գրքերի եւ այլ ունեցւածքի: Կենտրոնն արձանագրելու է հայոց ազգային, համայնքային եւ անձնական գոյքի բռնազաւթումները, որպէսզի գտնի այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կը հաստատեն յարատեւ խաղաղութիւն եւ կայունութիւն` հիմնւած արդարութեան եւ պատասխանատւութեան վրայ:
«ՀԻԿ-ը ազգային եւ միջազգային իրաւական ասպարէզներում Ցեղասպանութեան համար հատուցման հասնելու իր ջանքերն իրագործելիս յանձն է առնում ապահովել արդարութիւն բոլոր նրանց համար, ովքեր դեռեւս կրում են այս յանցագործութեան վէրքերը: Իսկ աւելի լայն առումով, որպէս մարդու իրաւունքների համաշխարհային շարժմանը նւիրւած կազմակերպութիւն, ՀԻԿ-ը, միջազգային իրաւունքի եւ համաշխարհային մարդասիրական արժէքներին համահունչ իրաւական նախադէպեր ստեղծելու եւ համապատասխան քաղաքականութեան մշակմանը աջակցելու միջոցով աշխատելու է ապագայ բռնութիւնները կանխելու ուղղութեամբ»,- ասաց ՀԻԿ վարչութեան անդամ Կիրօ Մանոյեանը:
ՀԻԿ-ի կենտրոնատեղին գտնւելու է Վաշինգտոնում, բայց աշխատելու է միջազգային ասպարէզում` ուշադրութիւնը սեւեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարաւորութիւններին: Վարչութեան անդամները Հայաստանից են եւ Սփիւռքից: