Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Անդեան խորհրդարանը, որն Անդեան երկրների (Չիլի, Բոլիւիա, Պերու, Էկւադոր եւ Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնն ճանաչող բանաձեւ: Ինչպէս հաղորդում է Prensa Armenia-ն, խորհրդարանի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Մոնտեւիդէոյում:
Նախագիծը հեղինակել է Անդեան խորհրդարանի Էկւադորի ներկայացուցիչ Պեդրոյ Դէ Լա Կրուզը: Բանաձեւում ասւում է, որ 2016 թւականի ապրիլի 24-ին 101-րդ տարելիցն էր հայ ժողովրդի դէմ իրականացւած ցեղասպանութեան, որն իրագործւել է 1915-1923 թւականներին Օսմանեան կայսրութիւնում եւ խլել 1,5 միլիոն մարդու կեանք:
Բանաձեւը շեշտում է.
Դատապարտել տարբեր համայնքների եւ ժողովուրդների դէմ իրականացւած միջազգային յանցագործութիւնները, մարդկութեան դէմ իրականացւած յանցագործութիւնները, ցեղասպանութիւնը եւ ագրեսիայի յանցագործութիւնները,
Ճանաչել 1915-1923 թւականներին Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից ծրագրաւորւած Հայոց ցեղասպանութիւնը եւ համերաշխութիւն յայտնել հայ ժողովրդին եւ նրանց ժառանգներին (խմբ.- ցեղասպանութեան զոհերի), ովքեր ողջ աշխարհում կազմում են հայկական համայնքը: Դատապարտել ցանկացած ժխտողական քաղաքականութիւն` ուղղւած Հայոց ցեղասպանութեանը եւ հայ ժողովրդի հանդէպ իրականացւած մարդկութեան դէմ յանցագործութեանը:
Յորդորել միջազգային հանրութեանը կիրառել ՄԱԿ-ի ընդունած սկզբունքը, որը ենթադրում է պաշտպանել քաղաքացիներին ցեղասպանութիւններից, մարդկութեան դէմ իրականացւող յանցագործութիւններից եւ մարդու իրաւունքների ցանկացած կոպիտ խախտումներից, ձեռնարկել միջոցներ, որպէսզի հնարաւոր լինի տարբեր համայնքներին, ժողովուրդներին ու ազգերին փրկել բռնութեան հետեւանքով առաջացած տառապանքից:
Բանաձեւը ենթադրում է յորդորել միջազգային հանրութեանը ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանութիւնը որպէս պատմական փաստ եւ աջակցել ճշմարտութեան ու արդարութեան փնտրտուքին: