Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իսրայէլի խորհրդարանի` Քնեսետի Կրթութեան եւ սպորտի յանձնաժողովը քննարկումից յետոյ պաշտօնապէս ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:
Ինչպէս տեղեկացնում է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամ Յովնան Բաղդասարեանն իր ֆէյսբուքեան գրառման մէջ, քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին:
Դեռ յուլիսի 5-ին Քնեսետի լիագումար նիստում Հայոց ցեղասպանութեան հարցը քննարկելուց յետոյ որոշւել էր նախագիծն ուղարկել Քնեսետի Կրթութեան եւ սպորտի յանձնաժողով` յաւելեալ ուսումնասիրութեան եւ քննարկման համար:
«Յանձնաժողովում այսօր կայացած քննարկումից յետոյ Քնեսետի Կրթութեան եւ սպորտի յանձնաժողովի ատենապետ Եակոբ Մարգինը յայտարարել է, որ յանձնաժողովը պաշտօնապէս ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը: Յանձնաժողովը նաեւ կոչ արեց Իսրայէլի կառավարութեանն ու Քնեսետին եւ Քնեսետի խօսնակ պարոն Իւլի Եդելշտեյնին` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը»,- գրել է Բաղդասարեանը:
Նրա գրառման համաձայն` յանձնաժողովի ատենապետը յանձն է առել կազմակերպել ստորագրահաւաք եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը բերել Քնեսետի լիագումար նիստ: