Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախապատրաստական աշխատանքների հետ կապուած ծրագրների մշակման գործընթացը ընթացքի մէջ է, եւ մօտ օրերս այդ ծրագրները պատրաստ կը լինեն: Ըստ «Արմէնպրես»-ի՝  յայտնել է Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի հաղորդակցութեան եւ կապի պատասխանատու Պետօ Դեմիրճեանը: «Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը ստանձնել է Եւրոպայի տարածքում տարւող աշխատանքների համակարգողի դերը: Ծրագրները քաղաքական բովանդակութիւն ունէին՝ յստակ քաղաքական պատգամով եւ ուղերձով: Յստակ պատգամ ունենալ` նշանակում է նաեւ պահանջատէր լինել հայկական կալւածների վերադարձի հարցով»,- շեշտել է Դեմիրճեանը:

Անդրադառնալով Չեխիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանութեան փաստը բարձրաձայնելուն` Դեմիրճեանն կարծիք է յայտնել, որ նախագահի ելոյթին պիտի յաջորդի պաշտօնական ճանաչումը: «Նախագահի անհատապէս ճանաչումը, անշուշտ, չի նշանակում, որ երկրի խորհրդարանը կամ օրէնսդիր մարմինը նոյնպէս անպայման պիտի ճանաչել այն: Բայց մեր գնահատումով` եթէ նախագահի կողմից է կատարւել այդ յայտարարութիւնը, ապա շարունակութիւնը պիտի լինի նաեւ պաշտօնական օրէնսդրական առումով»,- ասել է ան:

Շարունակւել են նաեւ աշխատանքները տարբեր եւրոպական խորհրդարանների մէջ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը բարձրացնելու ուղղութեամբ: Վերջին տարիներին Հայ դատի Եւրոպայի յանձնախումբը նշանակալի յաջողութիւնների է հասել ցեղասպանութեան ճանաչման նոր բանաձեւների ընդունման գործում: Յանձնախումբը սկսել է նաեւ նոր յանձնախումբերի բացման գործընթացը Հայոց ցեղասպանութիւնը դեռ չճանաչած երկիրներում: Նոյեմբերից Ռումինիայում մէջ  գործում է Հայ դատի նորաբաց յանձնախումբը, որ աշխուժօրէն ներգրաււել է Հայկական հարցի բարձրացման եւ լուծման աշխատանքներում: Մարտին նախատեսւել են նոր յանձնախումբ ստեղծել Արեւելեան Եւրոպայի երկիրներից մէկում: Օրակարգի վրայ են ջաւախքահութեան խնդիրների լուծման նպատակով Եւրոպական միութիւնից օժանդակութիւն ստանալու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման, օգնութեան հարցերը: Մեծ աշխատանքներ են տարւել Լեռնային Ղարաբաղի, իբրեւ ազատ, անկախ եւ ժողովրդավար երկրի մասին եւրոպական քաղաքական շրջանակներում ճիշտ պատկերացում ստեղծելու ուղղութեամբ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին Օսմանեան կայսրութեան մէջ ապրում էին  երկու միլիոնից աւել հայեր: Շուրջ մէկուկէս միլիոն հայ սպանւեց 1915-1923 ժամանակահատւածում, իսկ մնացեալները` կամ բռնի մահմետականացւեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկիրներում: 24 Ապրիլ1915-ին սկիզբ առած ձերբակալութիւններով (հիմնականօրէն Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Կոստանդինապոլսում) եւ դրա հետեւած հարիւրաւոր հայ մտաւորականների ոչնչացումով, սկսաւ հայ բնակչութեան բնաջնջման առաջին փուլը: Ամբողջ աշխարհը 2015-ին պիտի նշեն Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը: Հայոց ցեղասպանութեան փաստը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնեակից աւելի պետութիւններ, ԱՄՆ 40-ից աւելի նահանգներ, հեղինակաւոր միջազգային կառոյցներ: